երբ տեղի են տալիս փոխադարձ մեղադրանքներն ու անվստահությունը և հավաքական մի հասկացություն է դառնում ինքնապաշտպանության կազմակերպումը։
1992 թ. աշնանը, չնայած ռազմաճակատի պաշտպանական փխրուն գծին, օդային ռմբակոծություններին, ապա և հեռահար հրետանու հարվածներով Ստեփանակերտի ավերվելուն և Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհով սկսված գաղթին, տեղի ունեցավ հոգեբանական այն բեկումը, որը գլխավոր գործոնն էր դառնալու ռազմական փայլուն և իրապես անօրինակ հաղթանակների։
Հոգեբանական այդ բեկումը տեղի ունեցավ, երբ նահանջի առջևն առնելուն կոչված «Ետևում Ստեփանակերտն է» կարգախոսը բոլորի համար անսպասելի կերպով սկսեց փոխվել «Առջևում Մարտակերտն է» կարգախոսով։
Անկումների սարսափից, պարտությունների դառնություններից, կարոտից և վրեժից լեռնացած սպասումը պոռթկալու էր 1993 թ. փետրվարին, և սկսվելու էր այնքան սպասված հակահարձակումը, որի առաջին խորհրդանշական կետը դարձավ Չլդրանի աղբյուրը։ Մարտակերտցիների համար այն վերածվել էր «հայրենիքիս ջրի», որից խմում էին Մարտակերտի գնդի զինվորները՝ ասելով, թե իրենք այդ պահին այս աղբյուրից խմում են նաև տարբեր անկյուններում ցրված մարտակերտցիների փոխարեն, որ նրանք ևս հեռավոր մի զգացողությամբ իրենց կարոտն առնեն։
Գիշերային այդ պահին, երբ առաջ գնացող ռազմաճակատի գծի երկայնքով հողը ցնցվում էր հրետանային հարվածներից և արկերի հրաշեկ բեկորները հալված լճակների էին վերածում գետինը պատած սառույցը, պայթյունների ցոլքերի տակ միմյանց նայելով՝ բոլորս ակամա հանգեցինք մի ավելի խոր ընդհանրացման, որ մեզնից բոլոր նրանք, ովքեր ողջ կմնան, պետք է ապրեն և մեր հայրենիքի վերաշինությանը ծառայեն նաև մեր զոհված ընկերների փոխարեն։
Որքան քաղցր էր «հայրենիքի ջուրը» խմելը, այնքան դառն էր Մեհմանայի լանջերից Մարտակերտին նայելը, երբ յուրաքանչյուրի սրտից ու հոգուց անխեղդելի և խեղդող մի «ախ» էր բարձրանում՝