Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացվող ոլորաններից այն կողմ տեսնելով լույսերի մեջ տարածված քաղաքը։ Դաժան մարտերի ևս չորս ամիսներ էին հարկավոր, որ կտրվեին Միր-Բաշիրից եկող այդ լույսերը, ապա հատիկ-հատիկ վառվեին տների ճրագների պատրույգները և հետո քաղաքը ողողվեր Արցախյան գետերի սրընթաց հոսանքից ծնված լույսերով։

Մինչ այդ, սակայն, Արցախի Պաշտպանական բանակն իր անցած նահանջի նույն ճանապարհով նորից պետք է ետ դառնար և հասներ մինչև Կուսապատ ու Ներքին Հոռաթաղ, որից հետո ամեն օրն անցնում էր Մարտակերտ մտնելու սպասմամբ։

Մարտակերտին իշխող երկու բարձունքներն էին հեռուստաաշտարակի բարձունքը՝ «Վիշկի յալը», և այն բարձունքը, որի վրա խորհրդային տարիներին կարկտացիր հրետանային կայանք էր տեղադրված՝ «Պուշկի յալը»։

1992 թ. հուլիսի 26–27–ին ԼՂՀ Պաշտպանական բանակը կարողացավ թշնամուն ետ շպրտել այս երկու բարձունքներից, ինչպես նաև քաղաքի մոտ գտնվող քարհանքից, որից հետո բացվեց Մարտակերտ տանող ճանապարհը։

Հակառակորդն ավելի շուտ հարձակում ակնկալելով Ներքին Հոռաթաղից, ականապատել էր այնտեղից քաղաք մտնող ավտոճանապարհը, փշալարերով պատել և մետաղյա կոնստրուկցիաներ շարել՝ խոչընդոտելու համար հետևակի և զրահատեխնիկայի մուտքը քաղաք։

Երկու բարձունքների գրավումից հետո, սակայն, քանի որ ադրբեջանցիները թողեցին քաղաքը, Ներքին Հոռաթաղի կողմից այլևս ճակատային գրոհի կարիք չեղավ, և Արցախի բանակի սակրավորները ադրբեջանական բանակի երբեմնի դիրքերի կողմից սկսեցին ականազերծել ճանապարհը։

Ափսոս, որ չնկարահանվեցին անկրկնելի այդ պահերը, որոնց հետ չեն կարող համեմատվել ռազմական ֆիլմերի համանման տեսարանները, իսկ գրիչն ի զորու չէ նկարագրելու լարված այդ պահերը, երբ իրար էին միահյուսվել անզգույշ մի շարժմամբ ականի վրա պայթելու վտանգը, րոպե առաջ ճանապարհը բացելու ռազմական թելադրանքի պատասխանատվությունը և վերջապես դիմացից