Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեւ գմբէթները։ Ձգուած, ուղղանկիւն սենեակների պղնձէ ճաշաման յիշեցնող առաստաղները փայտէ հէնքի վրայ ծեփուած են գաճով։ Այսպիսի առաստաղների մէջ կային չափերով համեստ ու զարդարանքով պակաս օրինակներ, սակայն չափազանց հաճելի զգացողութիւն են ստեղծում իրենց ներքոյ։ Այս օվալների կեդրոնում գտնւում է կեդրոնական զարդանախշը, եզերքով պտըտւում է եզրանախշը։ Առաստաղի չորս անկիւնների օվալից դուրս մնացած ուղիղ հատուածների վրայ նոյնպէս նախշեր են կամ ծաղիկներով ծաղկամաններ։ Ի տարբերութիւն Հալէպի, այստեղ տանիքները երկթեք ու կղմինդրածածկ են։ Հէնց այս տանիքների տակ է, որ վերոյիշեալ գմբէթները տեղաւորուած են։

Միւս յատկանշական կողմը, Այնթապի հին տների, պատերի ոճաւորումն է։ Որպէս կանոն յատակից վերեւ մինչեւ 2–2.5մ. բարձրութեամբ պատերը տախտակապատ են։ Այս տախտակամածի մէջ ներառնուած պատուհաններն ու դռները։ Նրանց միջեւ տարածութիւնը բաժանուած է մասերի, որոնք կամ իսկական խորշեր են երկփեղկանի դռներով, կամ պատերի երեսը քօղարկող կեղծ դռներ են։ Սրանց պէտք է աւելացնել նաեւ պատուհանները ներսից փակող տախտակէ փեղկերը, որոնց մէջ կան քանդակազարդ գեղեցիկ օրինակներ։ Որմնախորշերի մէջ նոյնպէս պալատական ճոխութեան հասցուած օրինակներ կան, որ սենեակի զարդարանքի հիմնական մաս են կազմում։