Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց պատկերացումները տապալուեցին, փոշիացան, որովհետեւ թոյլերի հետ հաշուի չեն նստում։ Այսօր սակայն եթէ մենք փորձելու ենք թօթափել աղէտը, յաղթահարել մեզ կեղեքող բարդոյթները, ուժեղանալ, ուրեմն պէտք է փորձենք որոնել հայ մարդուն նրա առողջ վիճակը։ Ուր կարող ենք այդ անել, եթէ ոչ հարիւրամեայ հեռաւորութիւնից մեզ նայող կիսաւեր քաղաքներում։ Որպէս մշակոյթ, շինարարական արուեստ, վերը յիշատակուած առանձնատները թուրքերն էլ են ուսումնասիրում։ Հիմա վերանորոգում, խնամում են։ Ինձ պատահած հայերէն արձանագրութիւններից միայն մէկի կէսն էր, որ փճացուած էր (Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ արձանագրութիւնը)։ Հայկական թաղամասի մանրամասն նկարագրութիւնն իսկ իմաստ չունի, քանի որ թուրքերը քանդելու մտադրութիւն չունեն։ Նրանք այն պահելու են բերդի ու այլ հնութիւնների հետ միասին որպէս մէկ միլիոնանոց, զարգացող ու մեծացող Այնթապի պատմութիւն։ Ինձ համար սակայն այդ կառոյցները կարեւոր են, որովհետեւ այնտեղ բաբախող հայ ոգին առողջ ու կենսունակ ժողովուրդի անաղարտ ոգի է։ Այն մեզանից բացի ոեւէ մէկին չի կարող հետաքրքրել։ Նոյնիսկ մեզ գրեթէ չի հետաքրքրում։ Այդ ոգին եթէ մենք չհանենք աւերակների, լքուած տների, մզկիթի վերածուած եկեղեցիների, հին լուսանկարների, կենցաղային առարկաների միջից, մենք չենք կարողանայ շարունակել մեր հազարամեայ երթը։

Օրը սկսում էր վերջանալ, երբ ուղղուեցինք պղնձագործների շուկայ։ Շրջանցեցինք բերդը, զառիվեր բարձրացանք նորոգուող խճուղիով։ Անցանք մի գեղեցիկ մզկիթի կողքով, որ որպէս կառոյց յիշեցնում էր Ս. Աստուածածին եկեղեցին։

Առաջին վարպետը, որի խանութը մտանք, մեզ սիրալիր ընդունեց։ Չորս կողմը հազար տեսակ սպասքներ էին դարսուած։ Վերջացւած աշխատանքների կողքին կային կիսատները, նոր սկսուածները։ Անկիւնում մի ուրիշ վարպետ սալի վրայ ծեծում էր կարմիր պղնձի կտորը։ Թափթփած սենեակի մի անկիունում 1-2 լուսանկար կար կախուած։ Դէմքի նմանութեամբ կարելի է կռահել, որ վարպետի հայրը կամ հարազատներն էին։ Պարզուեց, որ մեզ ընդունած վարպետի հայրը նշանաւոր արհեստաւոր է եղել, համքարութեան ղեկավարը։ Երբ յարգելի վարպետը անցել է արհեստաւորական շուկայով՝ որպէս յարգանքի