Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր մասին, հայերիս մասին, որքան էլ որ մարդկային ազնուութեան արտայայտութիւն լինեն, որոշ դառնութեամբ է ընկալւում։ Այդ արհեստաւորների պարկեշտութեան վրայ առանց կասկածելու պիտի ընդունենք, որ այդ վերաբերմունքը հոգեվարքում գտնուող մարդուն արուող վերջին հաճոյախօսութիւնների է նման։ Եւ սա ցաւալիօրէն մեր խնդիրն է եւ ոչ թէ իրենց։ Չգիտեմ նրանք ինչ տպաւորութեամբ գնացին Հալէպից, սակայն իմ խորին համոզմամբ հասկացան, որ հայերը արհեստը թողել են Այնթապում։ Հալէպում այսօր գործող մի քանի հայ վարպետների աշխատանքը հեռաւոր արձագանգն է իրենց լեգենդար նախահայրերի։ Եւ եթէ Այնթապում զարգացել ու բարգաւաճել է հայ աւանդական արհեստ՝ պղնձագործութիւնը, ապա Հալէպում նուաղել, խեղճացել է ու այսօր մէկ-երկու վարպետի անունով է պայմանաւորուած նրա գոյութիւնը։

Սիրելի վարպետ Յովհաննէս Գալէմքեարեանը, որը նշանաւոր գերդաստանի ներկայացուցիչ է, թուրքերին ցոյց տալու համար պահոցից հանել էր մի չնաշխարհիկ գործ՝ իր մեծ հօր՝ Մելքոնի 1901ին աշխատած փաշա մանղալը։ Վստահ եմ, որ տեսել ու մեծ վարպետութեան դէմ գլխահակ գնացել են հիւրերը։ Սակայն մենք աւելի գլխահակ ենք, որովհետեւ Հալէպում այսօր չի գտնուի մի ծնող, որ իր զաւակին պղնձագործութեան տայ։ Մենք այնքան ենք այլակերպուել, որ մեզ մեր ժառանգութիւնն իսկ չի հետաքրքրում։ Իսկ մենք եթէ մեր նախնիների մշակոյթի կրողը չենք, ապա ումից եւ ի՜նչ իրաւունքով ենք պահանջատէր...

Միթէ մեզ՝ բոլորիս հետաքրքիր չէ՞, թէ 21րդ դար մտած հայը՝ եռագոյնը համարձակօրէն ծածանող հայը ի՞նչ մարդ է։ Նա արդիականութիւն է ոտք դրել որպէս ամերիկացի՞, սովետահա՞յ, սիրիացի՞։ Արդեօք պահե՞լ է պղնձի կամ քարի, առհասարակ որեւէ նիւթի հետ վարուելու, ձեւ տալու աստուածային յատկութիւնը։ Արդեօք պատրա՞ստ է զրկանքների ու տքնանքի գնով իր Աստուծոյ տունը կառուցել։ Որպէս հազարամեայ ժողովուրդի զաւակ զգո՞յշ է նորօրեայ որոգայթներից։ Արդեօք ապրո՞ւմ է իր արարքների համար իր Աստուծոյ եւ իր ժողովուրդի առջեւ պատասխան տալու պատասխանատուութեամբ։

Հալէպ, 2008 Ապրիլ

ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՋԵԱՆ