Էջ:Պարույր 35.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատահարը քեզ այստեղ բերեց, գիշերվա այդ ժամուն, եղանակի այդ խստության ժամանակ։

― Հանգստացեք, հայրիկ,― պատասխանեց երիտասարդ աբեղան մոտենալով և նրա օրհնությունն առնելով,― չար ոչինչ չէ պատահել, ես իսկույն բոլորը կպատմեմ ձեզ։

Նա նստեց ծերունուց փոքր֊ինչ հեռու։ Նրա խոսքերից երևաց, թե հիվանդ եղբայր ունի մերձակա գյուղում, վանահորից թույլտվություն խնդրելով, եկած էր եղբորը տեսնելու, և այդ դեպքից օգուտ քաղելով, մտածեց այցելել իր վարժապետին։ Իսկ գիշերով գալու և հագուստ փոխելու պատճառը այն է, որ իրան, վարժապետին հայտնի պետք է լինի, որ նրա մոտ մտնողների վրա մյուս հոգևորականները կասկածանքով են նայում։

Նրա պատմության առաջին մասը բոլորովին շինծու էր. նա ոչ հիվանդ եղբայր ուներ և ոչ գնացել էր նրան տեսնելու։ Նա ուղիղ եկած էր ծերունու մոտ, բայց թե ի՞նչ նպատակով,― այդ մասին զգուշությամբ լռեց, չկամենալով միանգամից հարվածել նրա առանց դրան էլ խորտակված սիրտը։

Ծերունին փոքր֊ինչ հանգստացավ։

― Այո՛, ինձ հայտնի է,― ասաց նա մի առանձին դառնությամբ,― որ ինձ մոտ մտնողների վրա կասկածանքով են նայում հայոց աբեղաները, աղանդավոր են համարում… Պատմեցեք,― խոսքը փոխեց նա ― ի՞նչ նորություններ կան ձեր վանքում։

Երիտասարդը սկսեց պատմել զանազան վանական ինտրիգների մասին, աբեղաների ծուլության և զոշաքաղության մասին։ Ծերունին անհետաքրքրությամբ լսում էր, որպես մի սովորական բան, և գլուխը քարշ ձգած, առանց երիտասարդի երեսին նայելու, իր շուրջը ընկած գրքերը խնամքով վեր էր առնում և մի կողմ էր դնում։ Բոլորը հավաքեց նա, բայց նրանցից մեկը, որ ինքն էր գրել, պահեց իր ձեռքում։ Երիտասարդին ծանոթ էր այդ գիրքը, նա հետաքրքրությամբ հարցրեց.

― Դեռ չե՞ք ավարտել, հայրիկ։

― Պատմությունը ավարտել եմ. այսօր գրեցի իմ ողբը. դա կլինի իմ աշխատության վերջաբանը։

― Մինչև որտե՞ղ հասցրիք պատմությունը։

― Մինչև Արշակունյաց թագավորության և մեր Լուսավորիչ հոր տոհմի Հայրապետական Աթոռի անկումը։ Ավելի հեռու գնալ չէի կարող, որ նկարագրեի մեր այժմյան կղերի ամոթալի գործերը։