Էջ:Պարույր 37.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

― Ի՞նչ կա,― հարցրեց ծերունին անհանգստությամբ։

― Ոչինչ․․․ այնպես․․․ հարցնում եմ․․․

― Երևի, այստեղի՞ց ևս կամենում են հալածել ինձ․․․

― Ոչ․․․ բայց․․․ վատ չէր լինի՝ փոքր֊ինչ զգույշ լինել․․․

― Ո՞րտեղ փոխեմ, ո՞ւր գնամ,― պատասխանեց ծերունին դառնացած կերպով։― Կար ժամանակ, որ իմ ուժերը դեռ սպառված չէին, աչքերումս լույս կար և ոտներումս զորություն։ Թափառում էի մեր աշխարհի մի ծայրից մյուսը, դիմանում էի քաղցի, ծարավի և եղանակների խստությանը։ Իսկ այժմ ո՞ւր կարող եմ գնալ, ո՞րտեղ կարող եմ քարշ տալ այդ քայքայված մեքենան։― Նա ձեռքը տարավ դեպի իր անձը։― Իմ կյանքը անցավ ցավերով և դառնությամբ. չմնաց մի տանջանք, որ ես կրած չլինեի։ Իսկ այժմ մի՞թե այդ մխիթարությունից ևս կամենում են զրկել ինձ, և թույլ չեն տալիս, որ գոնե իմ ծերության վերջին օրերը անցկացնեի այդ խոնավ գերեզմանի մեջ։― Նա ցույց տվեց իր կացարանը և րոպեական լռությունից հետո շարունակեց ավելի դառնացած կերպով.

― Ես թողեցի, հեռացա նրանցից, սկսեցի առանձնության մեջ որոնել իմ սրտի հանգստությունը։ Ես նրանց թողեցի հարուստ վանքերը և գավառների շահավետ եպիսկոպոսությունները։ Թող վայելեն, թող ոսկի և արծաթ դիզեն, որովհետև քաղցր է նրանց համար աշխարհի վայելչությունը։ Ես նրանց չեմ խանգարում, և որքան էլ ցանկանայի, անկարող պիտի լինեի, որովհետև նրանք իրանց կողմն ունեն իրանց նման նախարարների ուժը և օտարի պաշտպանությունը, որ հայրենիքի շահերը վաճառելու գնով են ստանում։ Այլևս ի՞նչ են պահանջում ինձանից։ Ինձ տվեցին Բագրևանդի եպիսկոպոսությունը, միայն ինձ ծաղրելու համար, որ բարձրացնեն և այնտեղից ցած գլորեն, որպեսզի իմ կործանումը ավելի զգալի լինի։ Ես բոլորը տարա, ամեն զրկանքի համբերեցի։ Իմ կռիվը փառքի համար չէր։ Ես պատերազմում էի խավարի, տգիտության և հայրենիքի դավաճանների դեմ։ Ես հաղթվեցա, ես ընկա, և իմ կործանման մեջն է իմ փառքը։ Այժմ ինչո՞ւ չեն թողնում ինձ հանգչիլ իմ փլատակների վրա։ Ես պատսպարվեցա իմ հայրենական աղքատ տնակում։ Ահա իմ բոլոր հարստությունը։― Նա ձեռքը մեկնեց դեպի իր մոտ դրած գրքերը։― Ես զրկվեցա աշխարհից և մարդկային հասարակությունից, մի՞թե չեն թողնելու, որ այդ լուռ, անբարբառ մագաղաթների հետ խորհրդակցեմ և նրանցով մխիթարեմ իմ դժբախտության րոպեները։ Ամեն ինչ