Էջ:Պարույր 39.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան։― Այո, դա կլիներ ինձ համար մահացու հարված, եթե նրանք հասնեին իրանց նպատակին։ Այդ գիրքն էր մնացել իմ վերջին մխիթարությունը, նրա մեջն էի ամփոփել իմ սիրտը, իմ հոգին, իմ բոլոր զգացմունքները։ Նրա մեջն էի դրել իմ արտասուքը, որ թափել էի հայրենյաց ավերակների վրա․․․

Նա գլուխը քարշ ձգեց և ձեռքը տարավ դեպի ճակատը։ Ալևոր մազերը թափվեցան պատկառելի ծերունու դեմքի վրա, և ծածկեցին արտասուքը, որ հեղեղի նման հոսում էր նրա աչքերից։ Մի քանի րոպե մնաց նա այդ թախծալի դրության մեջ։ Հետո շարունակեց ավելի զայրացած կերպով.

― Ինձ չէ վշտացնում հանգամանքների այդ դժբախտ հետևանքը։ Մեր ժամանակում լույսի և խավարի կռիվը այլ կերպ չէր կարող վերջանալ։ Մեր Սահակ և Մեսրոպ հոր առաջին աշակերտները պատերազմողների առաջին դասակարգն էին։ Նրանք ընկան։ Նույն երանելի հարց կրտսեր աշակերտները ― ես և իմ ընկերները ― պատերազմողի երկրորդ դասակարգն էինք։ Մենք անցանք մեր նախորդների դիակների վրայով. թեև բավական հեռու գնացինք, բայց դարձյալ ընկանք։ Մեր ուժերը անհավասար էին։ Մենք պետք է արմատախիլ անեինք դարերով աճած, ստվարացած տգիտությունը, նախապաշարմունքը,― մենք պետք է սրբեինք ժողորդի սրտից դարերով բարդված, թանձրացած բարոյական կեղտը։― Այդ հեշտ գործ չէր։ Մենք նույնպես պետք է ընկնեինք, որպես մեր նախորդները։ Մի քանի սերունդ պետք է զոհվեր, մինչև նրանց դիակների վրայով ճանապարհ բացվեր դեպի լույսը, դեպի ճշմարտությունը և դեպի բարին։ Իմ ընկերները այժմ միևնույն հալածանքների մեջն են, որպես ես։ Մենք մեր անձերի վրա չենք մտածում։ Բայց ցավալին այն կլիներ, երբ մեր թշնամիները կհաջողեցնեին սպանել մեր գործը, մեր աշխատությունների արդյունքը․․․

― Դեռևս հուսահատվելու չէ, դեռևս շատ հնարներ կան ազատելու ձեր գրավոր աշխատությունները,― պատասխանեց երիտասարդ աբեղան մի առանձին վստահությամբ։― Այդ պատմությունը դուք գրել եք ձեր մեկենասի, Սահակ Բագրատունու, խնդիրքով։ Դուք դիտավորություն ունեիք անձամբ տանել ձեր աշխատանքը և ձեր ձեռքով նվիրել ազնիվ իշխանին։ Այդ հասկացել են