Էջ:Պարույր 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատում էին վնասել նրան։ Պարույրի զորավոր հանճարը և երկաթի հաստատամտությունը միայն կարող էր երկար ընդդիմադրել նրանց ցած դավադրություններին։ Բայց վերջը հակառակությունն այն աստիճան հասավ, որ նրան զրպարտեցին քաղաքական հանցանքների մեջ, և տեղային հռոմեական նահանգապետի հրամանով Պարույրը աքսորվեցավ Աթենքից։

Աքսորանքի դառնության հետ նա նորից սկսեց կրել աղքատության դառնությունը։ Բայց այդ վերջինին վաղուց ընտելացած էր նա։ Նրան տանջում էր միայն անգործության տաղտկությունը։ Նրան աքսորել էին Հոնիական ծովի համարյա անբնակ կղզիներից մեկի մեջ։

Երկար Պարույրը աքսորանքի մեջ նեղություններ էր կրում, մինչև Աթենքի նահանգապետը փոխվեցավ և նրա տեղը նորը նշանակվեցավ։ Այդ ժամանակ հռետորի բարեկամները աշխատեցին աքսորանքից նրան վերադարձնելու, որ և կարողացան հաջողացնել։

Պարույրը Աթենք վերադառնալով, իր բարեկամներից շատերին վախճանված գտավ։ Նրա զգայուն սրտին մեծ ցավ պատճառեց նրանցից երկուսի մահը. մեկը՝ նրա ընկեր Հեփեստիոնն էր, մյուսը՝ նրա բարեկամ Տուսկիանոսը։ Վերջինի կենսագրությունը գրող Սուտիասը «ամենազոր ճարտասան» է անվանում հանգուցյալին, իսկ մեր հայկազն հռետորի կենսագրությունը մեզ ավանդող Եվնաբիոսը ասում է՝ թե «Նա (Տուսկիանոսը) միայն արժան էր Պրոերեսիոս լինելու, եթե Պրոերեսիոսը ողջ չլիներ…»։

Պարույրը Աթենք գնալուց հետո, նրա թշնամիները նորից գրգռվեցան, նորից սկսեցին նրա դեմ որոգայթներ լարել։ Նոր նահանգապետը ստիպվեցավ հրապարակական հանդիսավոր ատյան կազմել և Պարույրին իր հակառակորդների հետ մրցության հրավիրել։ Հանդիսականները հավաքված էին և հակառակ կողմերը ներկա էին։ Մի կողմում Պարույրը, մյուս կողմում մի խումբ հռետորներ։ Մրցության թեման պետք է տար ինքը նահանգապետը, իսկ նրանք հանպատրաստից պետք է ճառախոսեին։ Պարույրի ախոյանները հրաժարվեցան, հայտնելով, թե իրանք առանց նախապատրաստության բան չեն խոսի։ Այդ ժամանակ նահանգապետը դիմեց դեպի հայկազն հռետորը, որը աներկյուղ ամբիոն բարձրացավ և առաջարկեց, որ յուր հակառակորդները ինչ թեմա որ ցանկանում են թող տան։ Նրանք էլ չարամտությամբ մի այնպիսի թեմա տվեցին, որ ոչ միայն անհարմար էր պերճախոսության,