Էջ:Պարույր 9.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Ի՞նչով,— դարձյալ կրկնեց հռետորը։— Գնում եք կռվելո՞ւ պարսիկների հետ։

— Ինչո՞ւ չէ, եթե հարկավոր կլինի,— պատասխանեց երիտասարդը հայտնի վրդովմունքով, որ պատճառեց նրա մեջ հռետորի սառնասրտությունը։

Հռետորը նկատելով այդ, ասաց.

— Գնացեք, գովում եմ ձեր եռանդը։

Երիտասարդը ավելի զայրացավ։

— Պարո՛ւյր,— գոչեց նա,— ձեր մեջ սառել է հայկական արյունը, դուք մեր հայրինիքի համար կորած մարդ եք։ Ձեզ պատմում են այն թշվառությունները, որ պատահել են մեր աշխարհում և դուք սառնասրտությամբ լսում եք։ Դուք փոխվել եք, դուք շատ եք փոխվել։ Դուք, որ մի քանի օր առաջ ձեր պերճախոսությամբ հիացրիք ամբողջ Աթենքը,— դուք այժմ շատ վատ եք խոսում այն լեզվով, որով խոսում էիք մի ժամանակ ձեր ծնողների հետ։ Հելլենամոլությունը ձեր մեջ այն աստիճան զարգացել է, որ դուք փոխել եք մինչև անգամ ձեր անունը։ Ձեզ ձեր հայրենիքում Պարույր էին կոչում, իսկ այստեղ կոչվում եք Պրոերեսիոս։

Հռետորը զգացվեցավ։ Երիտասարդը շարունակեց.

— Ես իրավունք եմ համարում հանդիմանել ձեզ, Պարույր, թեև տարիքով և դիրքով շատ մեծ եք ինձանից։ Բայց մի մոռացեք, որ դուք ևս այն երիտասարդներից մեկն էիք, որոնք գիտության առաքելություն անունով թողեցին հայրենիքը — որոնք ուխտեցին մեր Սահակ հոր և Մեսրոպի առջև գնալ, աշխարհե֊աշխարհ պտտել, և գիտության պաշար հավաքելով, հետո վերադառնալ, հայրենիքը լուսավորել։ Դուք, ես և մեր բոլոր ընկերները ամեն զոհողություններ հանձն առնելով, անցանք Եդեսիա, Անտիոքիա, Բյուզանդիա, Աղեքսանդրիա, Հռոմ և Աթենք, այցելեցինք գիտության բոլոր տաճարները և հագեցրինք մեր ծարավը։ Նպատակի մեծությունը բորբոքեց մեր եռանդր, գաղափարի վսեմությունը մեզ ուժ և զորություն բաշխեց։ Մեզանից ամեն մեկը նշանավոր գտնվեցավ իր ասպարեզի մեջ։ Իմ քեռորդի ընկեր Դավիթը Բյուզանդիայում, Մարկիանոս կայսրի ներկայությամբ, մրցության