Էջ:Ջալալեդդին03.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առջևի և ետևի ոտներից մեկը շղթայած էին բխովներով չփախչելու համար։

Վրաններից մեկի առջև,— որ իր մեծությամբ և փառահեղությամբ որոշվում էր մյուսներից,— ցցած էր մի կարմիր դրոշակ, որի չորս անկյունների վրա կարդացվում էին, արաբական տառերով դրոշմված, չորս անուններ՝— Ալի, Օսման, Օմար և Աբուբեքր։ Իսլամի նախկին խալիֆաների այս չորս պատկառելի անունների մեջտեղում նշմարվում էր մի սպիտակ ձեռք, որպես օրինակ մի աներևույթ աջ, որ իր հովանավորության ներքո պիտի առաջնորդեր զինվորված ամբոխը դեպի պատերազմի դաշտը։

Այս իսկ վրանի շուրջը հավաքված էր մարդիկների բազմություն, որոնք անդադար ելումուտ էին գործում նրա մեջ։

Այնտեղ թանձր թաղիքի վրա նստած էր միջահասակ մի մարդ կրակոտ աչքերով և ալեխառն մորուքով։ Նա ոտքից գլուխ հագնված էր սպիտակ գույնով, որ արևելքում նշան է բարեպաշտության և մարդու անձնազոհության, որ իր կենդանության ժամանակ զգեցել էր մահվան պատանքը։ Ծերունու հաստ գոտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն Թասբեկ (տերողորմյա) խոշոր հատիկներով, որոնք բաժանված էին որոշյալ թվով յուրաքանչյուր աղոթքի կարգը և համարը պահպանելու համար։ Իսկ գոտիի ձախ կողմից երևում էին կեռ խենջարի և մի զույգ ատրճանակի ծայրերը, որոնց փողերն թաքնված էին հալեբյան վերարկուի տակ, որ անփույթ կերպով ձգած էր նրա ուսերի վրա։ Գլուխը փաթաթած էր սպիտակ ապարոշով (չալմա), որի վրա երևում էին մետաքսյա դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր։ Նա նստած էր ծալապատիկ կերպով և ծնկների վրա դրած ուներ մի կեռ թուր Դամասկոսի շենքով։

Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնավորություն, որ կրում էր իր մեջ կրոնի ջերմեռանդությունը, որպես մի բարձր հոգևորական, և պատերազմողի քաջազնական ոգին, որպես հզոր զինվոր։— Նա և շեյխ էր և զորավոր։

Նա նստած էր վրանի բարձր և պատվավոր մասում, որպես նահապետ և իշխան, իսկ իր աջ և ձախ կողմերում կարգով շարված էին մի քանի աղաներ հնադարյան զենքերով։ Դրանց մերձավոր ընտանությունը Շեյխի հետ արդեն ցույց էր տալիս, թե հասարակ մարդիկ չեն, այլ գլխավորներն են այն ամբոխի, որ դրսում