Էջ:Ջալալեդդին04.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զետեղված էին վրանների մեջ, կամ հավաքված էին հրապարակի վրա։ Աղաները լուռ էին և խոսում էին այն ժամանակ, երբ Շեյխը խոսեցնում էր։

Շեյխի մոտ մի քաշքուլի[1] մեջ ածած էին թղթերի մանր կտորտանք, որոնք միաչափ կերպով ծալած էին եռանկյունի ձևով։ Այս փոքրիկ ծրարները նման էին այն թիլիսմաններին, որ ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով։ Բայց իսկապես կախարդական ոչինչ չկար նրանց մեջ, այլ նրանց վրա գրված էին մի-մի տող Ղորանի այն այեթներից, որոնց զորությամբ մարդ ազատ է մնում ամեն տեսակ չարից և փորձանքից։

Վրանի մուտքը բաց էր։ Դրսում գտնված բազմությունից մի-մի մարդ անդադար ներս էր գալիս․ նա դեռ շեմքի վրա չհասած, չոքում էր, երկրպագություն էր տալիս, և այնպես չոքեչոք մոտենում էր Շեյխին, իր սուրը դնում էր նրա ոտքերի մոտ և ձեռքը համբուրում էր։ Հետո ծերունին առնում էր քաշքուլի միջից եռանկյունի ձևով ծալած թղթերից մեկը և տալիս էր համբուրողին։ Նա առանց ոտքի վրա բարձրանալու, նույնպես չոքեչոք ետ էր դառնում և դուրս էր գալիս վրանից։

Այսպես այցելուները անդադար մինը մյուսի ետևից, նույն ծեսը կատարելով, ներս էին գալիս ու դուրս գնում։— Ամեն մի քաջ, իր սուրը Շեյխի ոտների մոտ ձգելով, նվիրում էր նրան և փոխարենը ստանում էր խորհրդական թղթերից մեկը, որ անխոցելի պետք է պահեր նրան թշնամու զենքերից։ Եվ այս պատճառով վրանից դուրս եկածին պես, նա իսկույն մի շորի կտորի մեջ դնելով, կարում էր իր աջ թևքի վրա։

Երբ թղթերի բաժանման գործը վերջացավ, դրսում լսելի եղավ մի թմբուկի ձայն, և զինվորված բազմությունը ամեն կողմից շտապով սկսեց մոտենալ սրբազան զորավարի վրանին։ Իսկ երբ բոլորը հավաքված էին, այն ժամանակ դուրս եկավ Շեյխը։ Ամբողջ բազմությունը աջ ձեռքը երեսին քաշեց և լուռ օրհնություն կարդաց (սալավաթ)։ Այս գործողությունը մահմեդականների մեջ նույն նշանակությունն ունի, որպես քրիստոնյաների մեջ երես խաչակնքելը։

  1. Մի անոթ, որ կրում են դերվիշները և պատրաստվում է հնդկական ընկուզի կեղևից, կամ մի տեսակ ծովային խեցիից, որ սեխի ձև ունի։