Էջ:Ջալալեդդին05.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որովհետև ուրիշ բան չկար, ձիերի թամքերը միմյանց վրա դարսելով, վրանի առջև կազմվեցավ մի ամբիոն։ Շեյխը բարձրացավ նրա վրա։ Նա իր ձեռքում չուներ գավազան, որ սովորաբար կրում էր քարոզի ժամանակ, այլ նրա փոխարեն բռնած ուներ կարմիր դրոշակը, որի գլխին փողփողում էր սպիտակ աջը չորս խալիֆաների անուններով։— Այս դիրքը հիշեցնում էր այն հրաշալի երևույթը, երբ Արաբիայի մարգարեն անապատի մեջ առաջին անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա և խոսեց իր ոգելից ճառը։

Շեյխի քարոզը սկսվեցավ օրհնություններով, որոնց մեջ խիստ ջերմեռանդ արտասանություններով փառաբանվում էին ալլահի, Մուհամմեդի և նրա գլխավոր հաջորդների՝ Օմարի, Օսմանի և Աբուբեքրի անունները։ Հետո սկսվեցավ մի քաջալերական ճառ հետևյալ խոսքերով.

«Ո՛վ Իսլամի որդիք, մեծ մարգարեն — փա՜ռք իր զորությանը— կոչում է ձեզ մի սուրբ գործի համար, կոչում է ձեզ պատերազմել իր կրոնի թշնամիների դեմ, որոնք սկսել են թափել աստուծո ծառաների արյունը։ (Եվ թո՛ղ նզովյա՜լ լինին նրանք)։

Վհատությունը, երկչոտությունը և կասկածը թո՛ղ հեռու լինին ձեզանից, որովհետև երկյուղը աստուծո զինվորների համար չէ։ Տերը ինքը կտա ձեր բազուկներին զորություն, և թշնամու պարանոցները ձեր սրերի առջև կկտրատվին, որպես չորացած հասկը հնձողի մանգաղի առջև։ Դուք ձեր ձեռքով կբռնեք նրանց գնդակները և դեպի իրանց ետ կդարձնեք։ Ձեր անձները պաշտպանված կլինեն երկաթյա պարիսպներով, որոնք ձեր աչքերը չեն տեսնի։ Ձեզ աջակից կլինեն կոտորող հրեշտակների աներևույթ գունդերը, որոնց մարգարեն ձեզ օգնության կուղարկե։ Մեծ է Իսլամի աստվածը և բացի նորանից ուրիշը չկա։

Բոլո՛ր գավուրները պիղծ են աստուծո առջև։ Նրանց կայքը, կյանքը, ընտանիքը, և ամեն ինչ, որ պատկանում է անհավատներին, աստված մատնում է ձեր ձեռքը։ Հափշտակեցե՛ք, կողոպտեցե՛ք, այրեցե՛ք և կոտորեցե՛ք, որքանով կլիանա ձեր սիրտը։ Ավարը և իր կրոնի թշնամիների արյունը աստված հալալ է[1] անում սուրբ պատերազմի զինվորներին։

  1. Հալալ համարվում են այն բաները, որոնք օրենքով սուրբ են և չեն արգելված։