Էջ:Ջալալեդդին06.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեզանից կընկնին նրանք միայն, որոնց սրտերը կմոլորեցնե սատանան և որոնց հոգիները կսառչեն։ Երկչոտները ատելի են տերի առջև։ Եվ ավելի ատելի կլինեն նրանք, որ կփախչեն կռվի դաշտից։ Ձեր թիկունքը չպիտի տեսնի թշնամին։ Նա՛, որ աստուծո համար է պատերազմում, սուրը ձեռքում պիտի մեռնի։

Երբ որ ձեզանից մեկը թողնելու լինի պատերազմի դաշտը, այն ժամանակ աստված կզայրացնե կնոջ սիրտը, որը կանգնած չադրի մուտքի առջև, կընդունե իր տղամարդին այս խոսքերով. «Գնա՛, հեռացի՛ր, դու իմ այրը չես։ Ի՞նչու չեն տեսնվում քո վերքերը, ի՞նչու դու մենակ դարձար, ո՞ւր են քո ընկերները.— հեռացի՛ր, նա իմ այրը լինել չէ կարող, որ անպատվեց իր զենքերը»։ Չկա մի ավելի դառն բան, քան կնոջ հանդիմանությունը․ բայց աստուծո զզվանքը սարսափելի՜ է։

Սուրբ կրոնի թշնամիների արյունի հոսումը հաճելի է տերի առջև։ Անհավատների ավերակների ծուխը նա ընդունում է, որպես մի ողջակեզ, որից մուխը ուղիղ բարձրանում է դեպի հավիտենականի աթոռը։ Կոտորեցե՛ք, որքան կզորեն ձեր բազուկները, այրեցե՛ք, որքան կարող եք դուք։ Եվ ձեր կոտորածների արյունի յուրաքանչյուր կաթիլի համբարքով դուք կստանաք մի-մի հուրի[1] աստուծո ջեննաթի մեջ։

Մե՛ծ է ուղղափառների աստվածը և բացի նրանից չկա մի ուրիշը։

Եթե ձեր վեր առած գերիներից՝ ձեր սրտերին հաճելի կլինի ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ անելու մտքով,— եթե դուք ծառայացնելու համար կընտրեք պատանի ստրուկներ ձեր ձեռքը ընկած գավուրներից,— աստված չէ արգելում ձեզ, միայն այն ժամանակ, երբ նրանք կընդունեն Իսլամը։ Իսկ եթե հաստատ մնացին իրանց մոլորության մեջ, ձեզ թույլ է տրվում սպանել։ Զուգավորությունը ուղղափառի մի անհավատի հետ արգելում է աստված։ Իսկ ծերերին, թե նրանք կին լինեին և թե այր, խնայել չկա։ Անհավատությունը նրանց մեջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման։

Արդար եղե՛ք ավարի բաժանման մեջ և ձեզանից ամեն մեկը թոզ չզրկե իր ընկերին։ Մի՛ մոռանաք աստուծուն բաժին հանել

  1. Հուրի նշանակում է հավերժական կույսեր, որ ստանում են Իսլամի արդարները աստուծո դրախտի մեջ․ որպես վարձատրություն. այս հրաշագեղ նիմֆաներից ավելի մեծ բաժին ունեն նահատակները։