Էջ:Ջալալեդդին11.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա. մեր եղբայրները այրել էին մի հայոց գյուղ, բայց կանայքը փախել էին մերձակա լեռան վրա…

— Նրանցից պրծան, ձեր ձեռքը ընկան…— կտրեց երիտասարդը քրդի խոսքը։

Քրդերից մեկը կասկածավոր կերպով հարցրեց.

— Դու ո՞րտեղացի ես։

— Սիպան լեռներից, Հեյդարանլի ցեղիցն եմ,— ասաց երիտասարդը նույն ցեղին հատուկ բարբառով։

— Հեյդարանլիները չե՞ն գնում։

— Նրանք պիտի գնան իրանց Շեյխի առաջնորդությամբ. Հեյդարանլին չէ խառնվում Շիկակների, Ռավանդների և Բիլբաստների հետ[1], որոնց պիտի տանե Շեյխ Ջալալեդդինը։

Հպարտ Հեյդարանլիի խոսքերը թեև բավական վիրավորական էին իր խոսակիցներին, որոնք Ռավանդների ցեղին էին պատկանում, բայց նայելով նրա վրա, որպես մի պաշտոնական մարդու վրա, որ Փաշայից նամակ էր տանում Բաշ-Կալայի մուդուրին, ոչինչ չպատասխանեցին։

Երիտասարդը խոսքը շուռ տալով, և որպես ինքն իրան խոսելով, ասաց.

— Այդ ի՞նչ վատ երկիր է, ինձ առաջին անգամն է պատահում այստեղ լինել. մի՞թե այս սարերում հովիվներ և գյուղեր չկան․ սովից մարեցա. ոչինչ չես գտնում ուտելու։

— Կային,—պատասխանեցին նրան,—այս կողմերում ֆլայներ (հայեր) էին բնակվում, բայց մի օր առաջ անցել են այստեղից Հարքիները[2] և ոչինչ չեն թողել։

Երիտասարդի մթին դեմքը ավելի մռայլվեցավ, և աշխատելով սառնասիրտ ձևանալ, հարցրեց.

— Ուրեմն դուք դատարկաձե՞ռն մնացիք։

— Աստված ողորմած է,— ասացին նրան,— մինչև Բայազեդ հասնիլը որսեր շատ կպատահեն…

— Թո՛ղ աստված հաջողե…— պատասխանեց երիտասարդը և կամենում էր շարունակել իր ճանապարհը։

  1. Քրդերի ամենաբարբարոս ցեղերի անուններ են, որ բնակվում են Պարսկաստանի սահմանների վրա։
  2. Քրդերի մի վայրենի ցեղ է, որ բնակվում է Տիգրիսի վերին ճյուղերի մոտ և տարածվում է մինչև Մուսուլ։