Էջ:Ջալալեդդին13.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Բավական ճանապարհ անցել էր նա, երբ սկսեց նշմարել տեղ-տեղ հրեղեն կետեր. նրանք երևում էին խավարի մեջ շատ հեռվից, երբեմն ընդարձակվում էին, երբեմն փոքրանում էին և երբեմն դեպի վեր էին բարձրացնում վիշապների նման գալարվող բոցեղեն սյուներ։ Հանկարծ բոլորովին հանգչում էին, և ավելի զորություն ստանալով, հրային հոսանքը տարածվում էր դեպի ամեն կողմ։

Նա կանգնեց և մի քանի րոպե անշարժ նայում էր այս սարսափելի տեսարանին։ Ի՞նչ էր պատահել։ Նա մտածում էր, թե այրվում են խոտի դեզեր։ Բայց նրան այնքան ծանոթ էին իր շրջակայքը, որ ինքն ևս կասկածում էր իր կարծիքի մեջ. նա գիտեր, որ խոտը այդպես վաղ չէ հնձվում այս կողմերում։ Նա գիտեր, որ այն ձորերում, ուր այնպես կատաղի կերպով ճարակում էր հրդեհը, կային միայն շատ թվով հայոց փոքրիկ և մեծ գյուղորայք…։

Երիտասարդը չմոտեցավ ոչ մեկին. նա գտնվում էր մի այնպիսի իրան կորցրած դրության մեջ, որ երազի պես բոլոր սարսափելի տեսարանները գալիս ու անցնում էին նրա աչքերի առջևից։

Նա դուրս եկավ մեծ ճանապարհից և բարձրացավ մի բլուրի վրա, որ պատած էր փոքրիկ թուփերով ու մացառներով։ Կես գիշեր էր։ Նա առաջին անգամից նայեց դեպի աստղազարդ երկինքը և տեսավ, որ «Տրդատի խաչը»[1] ուղիղ կանգնած էր զենիթի վրա։ Նա նստեց մի քարի վրա, որ փոքր ինչ հանգստանա։ Մի կողմից քաղցը, մյուս կողմից հոգնածությունը, բոլորովին սպառել էին նրա ուժերը։ Բլուրի բարձրությունից հրեղեն կույտերը այժմ ավելի պարզ երևում էին լեռնային տարածության վրա։ Նա դեռ նայում էր առաջին սառնասրտությամբ։

Նրա ականջին դիպան մի քանի անորոշ ձայներ. երևում էր, բլուրի ստորոտից անցնում էին մարդիկ։

— Ո՞ւր գնանք… տե՛ր աստված…։

— Գնանք… մի տեղ կհասնենք…

— Ծնկներս դողում են… երեխաս մարելու վրա է…

— Տուր ինձ երեխան։

— Աղջի, ի՞նչու ետ մնացիր։


  1. Մի համաստեղության անուն է։