Էջ:Ջալալեդդին14.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մայրիկ, քարերը ծակում են ոտներս։

Ձայները լռեցին։

Րոպեական լռությունից հետո ընդհատված խոսակցությունը կրկին շարունակվեցավ.

— Դեռ այրվում է… ա՜խ, ինչպես այրվում է…

— Կնիկ, երեխերքիդ հոգսը քաշիր․․․ լավ է, որ պրծանք․․․։

— Գլխիդ արյունը էլի սկսեց գնալ… դու օրորվում ես, ա՜յ մարդ…։

— Վնաս չունի… փաթոթը արձակվեցավ…

— Բե՛ր, կապեմ։

— Գնա՛նք… փախչե՛նք… ժամանակ չէ…

Ձայները կրկին լռեցին։

Մերձակա հրդեհը այնպես սաստիկ բոցավառվեցասվ, որ փայլակի արագությամբ լուսավորեց բլրի ստորոտը։ Լուսը բաց արեց մի ցավալի տեսարան։ Խոսողը մի գյուղացի էր իր կնոջ հետ. նա տանում էր իր գրկում մի փոքրիկ երեխա. արյունը նրա ճակատից թափվում էր երեսի վրա, և այնտեղից կաթկաթում էր երեխայի գլխին։ Նրա կողքին գնում էր կինը և ձեռքից բռնած տանում էր մի փոքրիկ աղջիկ։ Ամուսինները երկուքն էլ ուժաթափված հազիվ կարողանում էին ընթանալ։

Խավարը կրկին տիրեց շրջակայքր։ Ձայները կրկին լսելի եղան․

— Ա՜խ, ինչպես կոտորում էին…

— Ա՜խ, ինչպես այրեցին…

— Ոչինչ չթողեցին…

— Հիմա ո՞ւր գնանք… աստվա՛ծ…

— Մայրիկ, ես հաց եմ ուզում…

— Մի՛ լար, հիմա…

— Մայրի՜կ…

Ձայները լռեցին։

Շատ անգամ, շատ մարդկանց վրա, մի թշվառ երևույթ, որ պետք է հարուցաներ տխուր զգացմունքներ,— ընդհակառակն զզվանք է պատճառում, զարթեցնում է խիստ դառն ատելություն։ Նույն տպավորությունը ունեցավ մեր ճանապարհորդի վրա իր տեսածը։— Մի կողմում հրդեհը լափում էր խաղաղասեր շինականի խրճիթները, մարդիկ կենդանի թաղվում էին իրանց հրային գերեզմանի