Էջ:Ջալալեդդին17.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Դ

Արուսյակը դեռ նոր էր բարձրացել հորիզոնի վրա, դեռ նոր արշալույսի եզերագիծը սկսել էր կարմրել, երբ նա արթնացավ։ Երիտասարդը ամբողջ մարմնով դողաց, երբ նկատեց, որ կորցրել է գիշերի մեծ մասը, երբ կարող էր բավական ճանապարհ կտրել։ Նա շտապով վերցրեց հրացանը և նիզակը, շարունակեց իր ուղին։

Անցնելով Աղբակա լեռնաղաշտերը, նա տեղ-տեղ նկատում էր հայոց գյուղորայք, որ դեռ ծխում էին վաղորդյան մառախուղի միջից։ Այս ծուխը նման չէր այն ծուխին, որ առավոտները վեր է բարձրանում խաղաղասեր շինականի խրճիթի երդիքից. դա մի չարագուշակ ծուխ էր, որ երբեմն խառնվում էր հրեղեն բոցերի հետ։ Նա անցավ գյուղերից մեկի մոտով և տեսավ, որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր էին դարձել և այստեղ ու այնտեղ ընկած էին արյունով ներկված, կամ սարսափելի կերպով այլանդակված դիակներ։ Նա զգաց բոլոր զարհուրանքը այն երևույթների, որ նույն գիշերն իր համար մնացել էին անբացատրելի։ — Կրակները, որ նրան գիշերային խավարի մեջ սարսափեցնում էին. հայոց հրդեհված գյուղորայք էին։

Այս սոսկալի տեսարանները, որ ամեն մարդու վրա կարող էին ունենալ կայծակի ներգործություն, նրան շատ հասարակ երևացին. կարծես, նա գիտեր, թե այսպես պետք է լիներ, կարծես, նա առաջուց որպես մարգարե հոգվոց աչքերով տեսել էր բոլոր գալոցը իր արյունալի պատկերներով։ Եվ նա առաջուց երկար կարդալով իր երեմիականը, նրա սիրտը կոշտացել էր, նրա աչքերում արտասուք չէր մնացել այժմ կատարված իրողության վրա ողբալու։ Եվ այս պատճառով նա, կարծես, անտարբերությամբ էր նայում այն ավերակներին, այն կոտորածի կույտերին, ուր կին, աղջիկ, երեխա, ծեր, և տղամարդ ընկած էին մինը մյուսի վրա։

Զարմանալի բան է մարդկային սիրտը. շատ անգամ նմանում է մի անսահմանության, որ ամփոփում է իր մեջ ամբողջ տիեզերքը, շատ անգամ նմանում է մի լիքը անոթի, որի մեջ գտնված նյութը ընդդիմահարում է, տեղի չէ տալիս մի ուրիշին զետեղվելու։ Եվ ավելի բացասական է լինում նա, երբ լցված է լինում սիրով։ Ամեն մի նոր ներմուծություն դատարկ տեղ է որոնում, բայց նրա սիրտը դատարկ չէր…։

Նա կրկին և կրկին նայեց ծխացող ավերակներին և անցավ։