Էջ:Ջալալեդդին19.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն միջոցին վրա հասան երկու զինվորված քուրդ ձիավորներ, որոնք իրանց ետևից քարշ տալով բերում էին մի քանի ուրիշ ձիաներ։

— Ինչո՞ւ ես այրում,— ասաց նրանցից մեկը,— մենք եկել ենք տանելու. առաջ գրաստներ չունեինք, հիմա բերել ենք։

— Էլի կտանեք,— պատասխանեց երիտասարդը սառն կերպով,— դեռ շատ է մնացել։ Իջե՛ք ցած։

Քուրդերը ձիերից ցած իջան և կամենում էին իրենց բեռները պատրաստել։

— Մի՛ մոտենաք, ես պետք է այրեմ դրանց,— գոռաց երիտասարդը։

— Ի՞նչու։

— Ձեզ էլ դրանց հետ կայրեմ, եթե թույլ չտաք։

— Դո՞ւ։

— Ես։

Նույն րոպեում երիտասարդի ծանր սուրը իջավ քրդերց մեկի գլխին, իսկ մյուսի կուրծքի մեջ որոտաց նրա ատրճանակը։ Երկուսն էլ ընկան։ Երիտասարդը խլեց դիակները և ձգեց կրակի մեջ։ Այնուհետև նա բռնեց նրանց ձիերից մեկը, որն ավելի լավն էր, նստեց և սկսեց քշել։

Հայտնի չէ, թե ի՞նչու, երբ նա մի փոքր հեռացավ, կրկին ցած իջավ ձիուց, նրան արձակեց և ինքն դարձյալ սկսեց ոտով գնալ։ Երևի այդ այն պատճառով էր, որ ձիով չէր կարող անցնել այնտեղի նեղ և դժվարին ճանապարհներով, որ ընտրել էր իր համար։

Բավական հեռանալով իր հայրենական գյուղից, մի լեռնադաշտի վրա նրա ուշադրությունը գրավեց մի մթին կետ, որ ազատ կերպով նշմարվում էր նոր բարձրացող արեգակի ճառագայթների միջով։ Նա շատ հեռու էր։ Որքան մոտենում էր երիտասարդը, այնքան հիշյալ առարկան աճում և ավելի մեծ ծավալ էր ստանում։ Կարծես նա կախ էր ընկած օդի մեջ և բավական բարձր էր երկրի մակերևույթից։ Նա ծռեց իր ուղին դեպի այն կողմը։ Երբ փոքր ինչ ևս մոտեցավ, նրանց թիվը բազմացավ, որոնք այժմ նման էին այն խրտվիլակներին, որ ցցում են երկայն ձողերի գլխին և տնկում են հասունացած արտերի կամ սեխանոցների մոտ, որ թռչունները, խոզերը և արջերը չփչացնեն նրանց։

Բայց հիշյալ խրտվիլակներից ո՛չ թռչունները և ո՛չ գազանները չէին վախենում։ Նա տեսնում էր, թե որպես գիշակեր ագռավները,