Էջ:Ջալալեդդին21.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ շաղախված։ Բայց ո՞վ եղավ որդուդ կորչելու պատճառը, եթե ոչ ինքը հայրը։ Ես անառակ որդի չէի, ես փչացնող և արբեցող չէի,— ես միայն սիրում էի զենքեր, սիրում էի ձի, սիրում էի որսալ։ Իմ զվարճությունները համեստ էին։ Իսկ այդ բոլորը ատում էիր դու։ Ինձ դու ձգեցիր վանքը և կամենում էիր ինձանից ճգնավոր, աղոթող պատրաստել։ Այնտեղից ես փախա։ Այնուհետև խոփն ու բահը, գերանդին ու մանգաղը,— այդ բաները առաջարկեցիր ինձ։ Ես ընդունեցի, բայց առանց հրացանս թողնելու, որովհետև տեսնում էի, որ քուրդը հափշտակում էր մեր վարուցանքը. մի բանով պետք է պահպանել նրան։ Բայց դու ինձ խրատում էիր բարի լինել և բարությամբ պատասխանել չարին․ դու ինձ ասում էիր. «մենք հայեր ենք, մեր գլուխը պետք է միշտ ցած ծռած լիսի, մեր լեզուն միշտ մունջ պետք է լինի և մեր ձեռքը պետք չէ, որ բարձրանա օտարի գլխի վրա…»։ Դրանք էին քո քարոզները։ Բայց ես տեսնում էի, քանի որ գլուխս ծռում եմ, ավելի շատ են ծեծում․ քանի որ լեզուս մունջ եմ պահում, ավելի շատ են հայհոյում,— ես տեսնում էի, երբ ձեռք չեմ բարձրացնում, եղած չեղածս խլում տանում են, և ես մնում եմ աղքատ ու քաղցած։ Բայց դու ամեն ինչ աստուծո վրա էիր ձգում, և պատվիրում էիր ինձ համբերել… Ես սկսեցի չհավատալ աստուծուն, երբ տեսնում էի, որ նրա աչքերի առջև ամեն տեսակ չարագործություններ կատարվում են, և նա միշտ մնում է անտարբեր։ Իսկ քո բարկության չափն անցավ․ դու արտաքսեցիր հոր տնից անառակ որդու, որ իր պապերի սովորություններով չէր գնում, որ ատում էր ստրկական խոնարհությունը, որ չէր սիրում իր հալածողի ոտները լիզել․․․

— Բայց դու ո՞ւր գնացիր նրանից հետո և ի՞նչ էիր շինում,— հարցրեց վշտացած հայրը։

— Ես այնուհետև դարձա մի թափառական որսորդ։ Բայց անասուններ սպանելու և մարդիկ մորթելու մեջ մի քայլ միայն կա,— որդիդ հետո դարձավ ավազակ և սկսեց մարդիկ կոտորել… Եվ ինչո՞ւ չկոտորեի, ինչո՞ւ չհափշտակեի, երբ տեսնում էի, այն մարդիկը, որ նույնն են գործում, ավելի բաղտավոր են, ավելի հարգելի են։ Եվ որ ընդհակառակն, տեսնում էի, այն մարդիկը, որ բարի են, որ մի մրջիմ անգամ սպանելու սիրտ չունեն, որ ավազակ չեն,— նրանք թշվառ են, և ո՛չ իրանց ընտանիքի, և ո՛չ իրանց կայքի, և ո՛չ իրանց գլուխների տերը չեն…։