Էջ:Ջալալեդդին23.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սուրբ հիշատակը, մի այնպիսի րոպեում, երբ ծերունին մարելու վրա էր։ Այսպես մի չար դևի նման, կարծես աշխատում էր խլել նրանից իր վերջին շունչը, նրանից, որ իրան շունչ և կյանք էր տվել։

— Բավական է,— խոսեց ծերունին մեծ դժվարությամբ։— Դու եկար մեր գլխին անեծքնե՞ր թափելու։

— Ո՛չ, ես դրա համար չեկա։ Մեր հայրերը այդ պատվին էլ արժան չեն։— Ինձ քաշեց դեպի հայրենիքը մի սիրտ, որը սիրում էր ինձ։ Ես եկա նրան ազատելու։ Հորից, մորից և ազգականներից անարգված որդուն սիրում էր նա։ Նա սիրում էր ավազակին, որից դժողքը սարսափում է. նա սիրում էր եղեռնագործին, որին հրեշտակները և սատանաները ատում են։ Ես եկա նրան փրկելու…։

Ծերունու գլուխը կրկին թեքվեցավ որդու բազուկների վրա, և նա վերջին խոսքերը չլսեց։ «Դու անիծեցիր, բայց ես օրհնում եմ քեզ»…— ասաց նա և աչքերը փակվեցան։ Բայց շրթունքները դեռ շարժվում էին. և նա մրմնջում էր աղոթքի նման մի բան, որ վերջացրուց այս խոսքերով. «աստված, ների՜ր որդուս»…։

Այդ նրա վերջին խոսքն եղավ։

Երիտասարդը երկար բաց չէր թողնում հոր անշնչացած մարմինր իր գրկից․ երկար նրա աչքերից արտասուքը թափվում էր ծերունու ձյունի պես սպիտակ, բայց արյունով ներկված ալիքների վրա։ Այդ երկրորդ արտասուքն էր, որ թափում էր նա սիրելի հայրենյաց հողի վրա ոտք կոխելեն հետո։

Երբ բոլորովին հանգստացած էր ծերունին, նա վեր առավ մարմինը և այնպես արյունաթաթախ դրեց մի փոսի մեջ. հետո իր դաշույնի ծայրով փորեց հողը, ծածկեց նրան։ Եվ ապա մոտավոր լեռան ժայռերի բեկորներից բերեց մի քանի կտորներ և դրեց գերեզմանի վրա, ասելով.— Հանգստացի՜ր, ո՛վ բարի մարդ, և թող այս գերեզմանը մոտ լինի այդ զոհարանին, ուր մորթվեցան մեր հայրենիքի երևելիները։ Այս սպանդանոցը կլինի մի հավիտենական խրատ ապագա սերնդին, որոնց հիշել կտա իրանց թշվառ անցյալը… որոնց մտածել կտա հիմնել ներկան ավելի հաստատուն պայմանների վրա… և այն ժամանակ գուցե պապերի արյունը որդիների փրկության ճանապարհը կբա՛ցանե…։