Էջ:Ջալալեդդին24.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ե


Ամփոփելով հոր մարմինը իր անշուք գերեզմանի մեջ, երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը։ Նա այժմ գնում էր բոլորովին խելագարի նման, ընկած դառը մտածությունների մեջ։ Կորցնելով հայր, մայր, եղբայր և քույրեր, նա այժմ սարսափելի կասկածի մեջ էր՝ կորցնել և նրան, որին սիրում էր։ Այս պատճառով շտապում էր նա։ Բայց դեռ բավական ճանապարհ կար, մինչև կհասներ այն գյուղը, ուր բնակվում էր նա։

Նա գնում էր այնպիսի անանցանելի շավիղներով, որոնց շրջակայքում ժայռերի, մացառների և թփերի մեջ մի ամբողջ բանակ կարող էր թաքչիլ և ուղևորի աչքից անհայտ մնալ։ Եվ այս պատճառով մեծ եղավ նրա զարմանքը, երբ մի քանի անգամ նրա ականջներին զարկեցին անորոշ ձայներ, հետո պարզ լսելի եղավ իր անունը՝ «Սարհատ, Սարհատ»։ Ո՞վ կարող էր լինել դա։ Նույն շրջակայքում հազիվ թե մի մարդ կարող էր ճանաչել նրան, թեև նա ուներ ընկերներ, բայց նրանց մի քանի օր առաջ զանազան հանձնարարություններով ուղարկել էր դեպի զանազան կողմեր։ Մտածեց, գուցե նրանցից մեկը լինի և մատը բերանին դնելով, խորհրդական ձայնով շվացրուց։ Նրան պատասխանեցին բավական մոտավոր տեղից, բայց ձայնը շատ օտարոտի երեվաց։ «Նրանցից և ոչ մեկը լինել չէ կարող»,— մտածեց ինքնիրան, և հրացանը ուսից վեր բերելով, կանգնեց, իր շուրջը նայելով։ Նույն միջոցին «Սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թևքեր փաթաթվեցին նրա վզովը, և մի մարդ սկսեց ջերմ համբույրներ սփռել նրա երեսի վրա։

— Երևի իմ տերը չէ ճանաչում իր ծառային,— ասաց նա քրդերեն լեզվով։

— Ճանաչեցի, Մըստո,— պատասխանեց երիտասարդը և ուրախությամբ համբուրեց նրան։

Մըստոն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից․ նա երիտասարդի հոր հովիվն էր և նրա մանկության ընկերը։ Մի կլորիկ պատանի էր Մըստոն խիստ աշխույժ և հավատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած և բոլորովին այրական դեմք ստացած։ Նա զինվորված էր թեթև կերպով․ ուներ միայն հրացան, թուր և ատրճանակներ։ Երիտասարդը շատ ուրախացավ, որ հանդիպեցավ իր հոր տան հավատարիմ