Էջ:Ջալալեդդին25.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծառային, և ավելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկությունները, որ իրան շատ հարկավոր էին։

— Ա՜խ, որքա՜ն հիմար եմ ես, Սարհատ,— ասաց Մըստոն իր սովորական ծիծաղով․— քիչ էր մնում, որ չճանաչեի քեզ. հենց որ տեսա, մտա թփի ետևը, հրացանս ուղղեցի․․․ հենց տրխկացնելու վրա էի, մեկ էլ աչքիս ընկավ ճակատիդ սպին․ ինձ ու ինձ ասացի, դա աղան է, էլ չարձակեցի…— Ա՜խ, ինչպե՜ս փոխվել ես դու, սատանան չի ճանաչի։

Մըստոն կրկին փաթաթվեցավ և կրկին սկսեց համբուրել իր տերին։

— Դու ուզում էիր ինձ սպանե՞լ, Մըստո,— հարցրեց երիտասարդը։

— Պա՛։ Ուզում էի նիզակդ խլել․ իմը կոտրվեցավ։ Առանց նիզակի քուրդին ամոթ է ման գալ։

— Ե՞րբ կոտրվեցավ։

— Կռիվ ունեցա քրդերի հետ, երբ մեր ոչխարները թալանում էին։ Բոլորը տարան անհավատները, մի հատ էլ չթողեցին։ Քո քուռակն էլ տարան, Սարհատ, այն կապույտ քուռակը․ մի տեսնեի՜ր, ի՜նչ լավ ձի էր դարձել,— ամեն օր լավ ուտացնում, չաղացնում էի, մի օր աղան կգա, կնստի․ տարան անհավատները… այնքան ոչխարներից մեկն էլ չթողեցին։

— Մե՞ր ոչխարները։

— Ձերը․ բա ո՞ւմը․ Մըստոն խո ոչխար չունի։ Ոտքիս էլ գնդակ դիպավ։ Բայց ես էլ մի քանիսին գլորեցի․․․

— Հիմա ո՞ւր էիր գնում այսպես կաղլիկ ոտով։

— Գնում էի այս կողմը․․․ բան կար…

— Ի՞նչ կար։

— Ա՜խ, լեզուս չէ բռնում, որ ասեմ… անիծվի՜ն քրդերը… աղայինս…

Մըստոն չկարողացավ իր խոսքը վերջացնել, նրա աչքերը լցվեցան արտասուքով և սկսեց երեխայի նման հեկեկալ։

— Սպանեցի՞ն… իմանում եմ, — ասաց երիտասարդը։ — Գնում էիր ի՞նչ անես։

— Թաղեմ։ Խո այսպես չէի թողնելու։ Իմ աղան լավ աղա էր։

— Ես թաղեցի,— պատասխանեց երիտասարդը տխուր ձայնով։— Դու էն ասա՛, Մըստո, թե մի բան գիտես մորս, քույրերիս և եղբորս մասին։