Էջ:Ջալալեդդին28.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ տվեց, ասում էր. «Մըստո, բավական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից հետո քեզ համար ապրիր, տուն ու տեղի տեր դարձիր»։ Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի,—չէ՛, աղա, քո տան մեջ պետք է մեռնեմ, և քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կլինեմ։

Երիտասարդի սիրտը չդիմացավ այս խոսքերին, նա գրկեց Մըստոյին, և ճակատիցը համբուրեց, ասելով.

— Դարձյալ դու իմ եղբայրը կլինես, բարի Մըստո, ես քեզանից չեմ բաժանվի։— Բայց դու այն ասա՛, կարծում ե՞ս, որ եղբայրս և քույրերս ձեր չադրում ապահով կմնան։

Պատանի քուրդը ինքնավստահ պարծենկոտությամբ պատասխանեց.

— Շեյխ Ջալալեդդինը իր բոլոր ավազակներով Մըստոյի չադրը մտնել չէ կարող։ Դու ինքդ լավ ես իմանում եզիդիների ղեյրաթը (նախանձախնդրությունը). մի մարդ, ինչ ազգից էլ որ լիներ նա, երբ մտնում էր եզիդիի չադրի տակը, այն ցեղի բարի հյուրն է համարվում. այն ժամանակ բոլոր ցեղը իր արյունը կթափի և իր հյուրին թշնամու ձեռքը չի տա։

Հանկարծ նա խոսքը կտրեց և սկսեց ուշադրությամբ ականջ դնել։

— Լսում ե՞ս,— հարցրեց նա,— այդ ձայները։

— Ի՞նչ ձայներ,— հարցրեց երիտասարդը, որովհետև նա այն աստիճան խռովված էր, որ ոչինչ ձայն չէր լսում։

— Երգում են․․․։ Այսպես երգում է քուրդը, երբ թալան և գերիներ է տանում։

— Ուրեմն գնանք,— ասաց երիտասարդը։

— Գնանք,— կրկնեց պատանին։

Երկուքն էլ դիմեցին դեպի այն կողմը, որտեղից լսելի էին լինում ձայները։


Զ

Կես ժամից հետո նրանք գտնվում էին մի լեռան բարձրավանդակի վրա, որտեղից նկատեցին ձորի մեջ մի ընթացող քարավան, որը հեռավորության պատճառով թեև պարզ չէր նշմարվում,