Էջ:Ջալալեդդին30.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար քրդերը ցցած ունեին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ․ ծնողների կտրած գլուխը ցույց էին տալիս որդիներին, որպես մի խրտվիլ, որ վախենան, որ փորձ չփորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց և ձայն չհանեն…։

Սարհատը երկար նայել չկարողացավ, նրա գլուխր պտտվեցավ, և քարավանը անցավ։

Նրան այնպես էր թվում, որ աշխարհս փոխվել է, Նեռը հայտնվել է, և մարդը, աստուծո պատկերը, կատաղի գազան դարձած իր նման մարդերի արյունը ծծում է, նրանց միսը ուտում է։ Նա շատ էր ցանկանում ինքն էլ նույն գազաններից մեկը լինել, և դրա համար այրական սիրտ և բավական քաջություն ուներ. բայց ափսոսում էր, որ մենակ է, շատ ընկերներ չունի։

Հուսահատությունր շատ անգամ ակամա կերպով ձգում է մարդուն ծայրահեղ մտածությունների մեջ։ Սարհատը բնությամբ բարի էր, բայց հանգամանքները նրան չար էին շինել։ Նա տեսնում էր մի ամբողջ ժողովուրդ և այն ժողովուրդը, որին ինքն էլ էր պատկանում, հավի նման մորթում են, տունը ավերակ են դարձնում, կայքը հափշտակում են, որդիքը գերի են տանում,— և այդ ժողովուրդը ոչինչ միջոցներ չունի պաշտպանվելու։ Նա գիտեր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նույն ժողովրդի հետ և տակավին նա չէ մտածել ընդդիմադրության մի զորություն կապելու։ «Եթե կարիքը,— ասում էր նա,— մարդու վարպետ է անում, եղանակների խստություններից պաշտպանվելու համար նա հագուստ էր հնարում, գազաններից պաշտպանվելու համար զենքեր է հնարում, ինչո՞ւ չէ մտածում նա միևնույն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար»։ Այսպես մտածելով, Սարհատը այն եզրակացության էր հասնում, թե այն ժողովուրդը ինքն էր մեղավոր, որ կյանքի պահանջները չէր հասկացել և չէր մտածում թե ինքը երկրի վրա է բնակվում, մարդիկների հետ գործ ունի և ոչ թե հրեշտակների հետ…

Սարհատը երկար էր թափառել երկրի վրա, շատ ազգեր և շատ աշխարհներ էր տեսել, բայց իր կյանքում ոչ մի լավ մարդու չէր հանդիպել, և այդ պատճառով, նա մարդկանց վրա կազմել էր խիստ վատ գաղափար։ Բոլոր մարդերին նա ավազակներ էր համարում, այն զանազանությամբ միայն, որ մեկը կոպիտ սրով է