Էջ:Ջալալեդդին31.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հափշտակում․ մյուսը խելքով, երրորդը արհեստով, չորրորդը մարդասիրության և քաղաքակրթության անունով և այլն։

Այս տեսակ մտքեր բացատրելու համար Սարհատը իր առանձին լեզուն և արտասանության ձևերն ուներ, «ավազակությունը,— ասում էր նա,— մարդկանց մեջ զանազան գույներով և շատ անգամ գեղեցիկ ծրարներով է հայտնվում. դու պատառիր արտաքին կեղևը. և կտեսնես միջուկը ավազակություն է, և ավելի ոչինչ»։

Սարհատը ինքն էլ ավազակ էր, մի արյունահեղ և սոսկալի ավազակ. նա եթե ծնված լիներ մի ուրիշ երկրի վրա և մեծանար մի ուրիշ շրջանում, գուցե ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ ավազակ կդառնար, որովհետև ամեն մի ավազակի գործունեությունը համապատասխանում է նույն հասարակության, որի միջից նա հայտնվում է։ Ավազակը մի սարսափելի բողոք է հասարակության անկարգ կազմակերպության դեմ։ Հայաստանի լեռների վրա, ուր երկու հակառակ ծայրերի վրա կանգնած են երկու հակառակ ազգություններ,— մեկը՝ վերջին ստրկության հասած հայը, մյուսը՝ վերջին բարբարոսության հասած մահմեդականը,— եթե ստրուկների կողմից բողոք է բարձրանում դեպի բռնակալությունը, դա բնականաբար պիտի ընդուներ ոչ այլ կերպարանք,— բայց միայն Սարհատի ավազակային կերպարանքը․․․։

Բայց զարմանալին այն էր, թե ինչո՞ւ այնքան փոքր էր սարհատների թիվը․ նրա ամբողջ հրոսակը կազմված էր տասներկու քաջերից, որոնց նա կոչում էր «ավազակների առաքելություն»։ — Այս հարցը բացատրելու համար պետք է երկար ու բարակ քննությունների մեջ մտնենք․ մենք թողնում ենք այդ, ահա՛ Մըստոն կրկին հայտնվեցավ, տեսնենք, նա ինչ է ասում։

— Ամեն բան իմացա,— ասաց նա։

— Մեկ-մեկ ասա՛, ինչ որ կհարցնեմ,— խոսեց Սարհատը։ Ձիավորները քանի՞ հոգի էին։

— Համբարեցի, հիսունից ավել չեն։

— Ո՞ր ցեղից են։

— Հարտոշի են[1]։

— Գերիները և թալանը ո՞ր կողմից են բերում։

— Շատախու կողմերից[2]։

  1. Քրդերի մի կիսավայրենի ցեղ է, որ բոլորովին հաստատաբնակ կյանք չէ վարում։
  2. Մի գավառ է Վասպուրականում։