Էջ:Ջալալեդդին32.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՞ւր պիտի տանեն։

— Դեպի Սոմայի[1]։

— Այս գիշեր ո՞րտեղ միտք ունեն իջևանելու։

— Հասպիստանի հովիտների մեջ, Խանա-Սորի մոտ։

Սարհատը թողեց իր հարցուփորձը և սկսեց մատներով լուռ մի բան հաշվել. հետո նա կրկին դարձավ դեպի պատանին․

— Ի՞նչ ես կարծում, Մըստո, դրանք ե՞րբ կհասնեն Սախկալ-Թութան կիրճին։

Մըստոն րոպեական մտածությունից հետո, պատասխանեց.

— Սախկալ-Թութան[2] կիրճին կհասնեն, երբ արևը մտնելու մոտ կլինի։

― Ես էլ այսպես եմ կարծում,— ասաց Սարհատը։

— Հիմա լսի՛ր, Մըստո,— ավելացրեց նա.— Ի՞նչքան ժամանակում կհասնես մինչև Բիժինկերտ գյուղը։— Ճանաչո՞ւմ ես։

Մըստոն նայեց արևին և պատասխանեց.

— Ուղիղ կեսօրին այնտեղ կլինեմ։

— Շատ լավ,— շարունակեց Սարհատը,— դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր ինչ հեռու ձորի մեջ մի մատուռ։

— Տեսել եմ, երկուսն է, մեկը քանդված է։ Ո՞րն ես ասում։

― Հենց այն քանդվածն եմ ասում։

— Ճանաչում եմ։ Մի գիշեր այնտեղ թաք եմ կացել, երբ մի ձի էի գողացել։ Լավ թաքնվելու տեղ է։

Սարհատը հետո ուրիշ հարց առաջարկեց։

— Ի՞նչ տեսակ կենդանիների ձայնին նմանեցնել կարող ես։

— Շատերի.— շան նման հաչել գիտեմ, աքլարի նման խոսել գիտեմ, էշի նման կզռամ, գայլի նման կոռնամ, գառան նման կմռռամ, կատվի նման միա-ո՜ւ կանեմ, հոպոպի նման բի՛-բո՜ւ կանեմ,— էլ ի՞նչ ես ուզում։ Ուրիշ շատերն էլ գիտեմ։

— Այդ վերջինը բավական է։ Հիմա լսիր։ Ուղիղ կգնաս դեպի այն քանդված մատուռը, որտեղ գողացած ձին թաքցրիր։ Դեռ չհասած մատուռին մի բլուր կա…

— Որի գլխին տնկած է մի ծակ քար,— ավելացրեց Մըստոն։

— Այո՛։ Այն ծակ քարի մոտ կկանգնես, երեք անգամ հոպոպի

  1. Մի գավառ է Պարսկաստանի Ուրմի նահանգի մոտ։
  2. Սախկալ-Թութան նշանակում է մորուքից բռնող․ այսպես կոչվում են առհասարակ այն նեղ և դժվար անցանելի կիրճերը, որոնց մեջ ավազակներն ավելի հեշտությամբ են որսում ճանապարհորդներին։