Էջ:Ջալալեդդին34.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― Երեք օրվա, այսպիսի վերքեր շատ է տեսել Մըստոն, վնաս չունի։

— Դե՛հ, հիմա գնա։

Սարհատը և Մըստոն բաժանվեցան, մեկը սկսեց գնալ դեպի քանդված մատուռը, մյուսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետևել գերիվարներին։


Է

Սարհատի հետ բավական ծանոթ է ընթերցողը, հարկավոր է փոքր ինչ ծանոթանալ և նրա ընկերների հետ, որոնցից կազմված էր նրա հրոսակը։ Չնայելով, որ Սարհատն էր պետը և գլխավորը իր խումբի, բայց բոլորին «եղբայր» էր կոչում, և իրավ, այս կոչմանը արժանի էին նրանք, միացած լինելով եղբայրական խիստ սերտ կապերով։ Նրա խումբը հավաքված էր զանազան տեղերից զանազան ժամանակներում, որոնց թիվը տասն և երկուսից խիստ հազիվ էր անցնում։ Նրանց մեջ կային սասունցիք, զեյթունցիք, շատաղցիք, դիարբեքիրցիք, նրանց մեջ կային՝ մի քահանա Խարբերդի քրդախոս հայերից և մի վարժապետ։ Այս վերջինը Կ. Պոլսում բարեգործական նպատակով կազմված մի ընկերության անդամ էր, որ ուղարկվել էր Վանա կողմերի գյուղորայքում կրթություն տարածելու, բայց ռուս-թյուրքական պատերազմի խռովությունների ժամանակ նա միացավ Սարհատի խումբի հետ, երբ քրդերը նրան իր գյուղական դպրոցի մեջ աշակերտների առջև սաստիկ ծեծեցին, և նրա սանիկներից մի քանիսը առևանգեցին, և մի քանի օրից հետո կրկին բաց թողեցին։

Սարհատի խումբը կազմված էր քուրդի կերպարանքով և գործում էր քուրդի անունով։ «Հայ» անունից խորշում էր նա, ոչ թե այն պատճառով, որ այդ անունը ատելի էր նրան, այլ ընդհակառակն, սիրում էր նա հայությունր,— բայց այդ անունը անհամապաստասխան էր գտնում թե՛ իր պաշտոնին և թե՛ նպատակներին։ Իր թափառական կյանքում, թե՛ նա ինքը, և թե՛ իր խումբը անդադար զարկվում էին քրդերի հետ, և անդադար որևիցե թշնամական հաշիվ էին վերջացնում այս և այն մահմեդական ցեղի հետ, բայց եթե ցույց տային, թե իրանք հայեր են, այն ժամանակ իրանց