Էջ:Ջալալեդդին36.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


համար։ Բայց նրա խնդիրը չընդունվեցավ, նրան պատասխանեցին, թե «կառավարությունը ինքն ամեն խնամքներ գործ է դրել երկրի հանգստությունը պահպանելու համար»։

Նա ինքը շատ լավ էր հասկանում այս խոսքերի նշանակությունը և վերադարձավ Վանից առանց բավականություն ստանալու։ Եվ այս էր պատճառը, որ մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խոշաբա ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր և հուսահատ։

Բայց նրա եռանդը դեռ բոլորովին չէր թուլացել։ Երբ մտավ Աղբակ, կրկին փորձեց իրագործել իր նպատակը։ Նա դիմեց մի քանի քահանաների, վարդապետների և տանուտերերի, աշխատում էր նրանց համոզել, թե պետք է զինվորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար։ Ջալալեդդինը դեռ այն ժամանակ չէր սկսել իր արշավանքը , բայց ամեն տեղ սկսվել էին նկատելի լինել քրդերի բարբարոսությունները։ Նա օրինակ էր բերում իրանց դրացի Ջոլամերիկի ասորիներին, որոնք զինվորված էին և ոչ մի քուրդ նրանց երկիրը ոտք կոխել չէր կարողանում, և ոչ ինքը կառավարությունը կարողացավ նրանց զինաթափ անել, որովհետև պատասխանում էին, թե մենք պետք է որ մեր գլուխը պահենք, երբ որ կառավարությունը մեզ պահպանելու շնորհք չունի։ Նա այսպիսի շատ օրինակներ էր բերում, քաջալերական խրախույսներ էր տալիս, հորդորում էր և ուրիշ շատ բաներ էր ասում… Բայց քահանաները, վարդապետները և ժողովրդի իշխանները նրան հիմարի և խելագարի տեղ էին դնում…։ Այս ավելի վշտացրեց նրան, քան թե փաշայի խաբեությոլնր, և այն ժամանակ նա ավելի համոզվեցավ, թե այդ ժողովուրդն ինքն է դատապարտել իրան մի ցած ստրկության, թե նա ինքն է պատրաստել իր համար մի այնպիսի թշվառ ներկա…

Այն օրից, որ բաժանվել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկություն չուներ, և չգիտեր, թե ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին։ Միայն այն օրը մի պայմանյալ օր էր, որ նրանք ամեն կողմից պետք է հավաքվեին «քանդված մատուռի» մոտակայքում, և ինքն այնտեղ գնալով, պետք է տեսնվեր իր ընկերների հետ։ Բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ Մըստոյին նրանց կանչելու Սախկալ-Թութան կիրճի մոտ, որտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին։