Էջ:Ջալալեդդին40.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և Սալմաստում տեղային հայերի մոտ ողորմելիները ապահով կլինեն, որովհետև այնտեղ են փախել բոլոր աղբակեցիք, որոնք ազատվել են քրդերի ձեռքից։ Սալմաստը պարսից երկիր է, այստեղ տաճկաց քրդերը մուտք գործել չեն կարող։ Լսիր, ամենևին ցույց չպետք է տաս հայությունդ և գերիները չպետք է գիտենան, թե ով ազատեց նրանց։ Պարսից սահմանից դու կդառնաս քո ընկերների հետ և մեզ կգտնես Իրցի-ձորի մեջ, այն քարանձավում, որ քեզ ծանոթ է։ Իսկ ես այդ անպիտաններին կպահեմ կիրճի մեջ, մինչև դուք բավական կհեռանաք, և արևը դեռ չծագած, բաց կթողնեմ։

Դալի-բաբան համբերությունը հատած, պատասխանեց.

— Անիծված լինեմ, եթե ես տերտեր ժամանակս մի այսպիսի երկար քարոզ եմ տվել։ Օրհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամեն բան այս չափ բրդում․ ես խո նոր չեմ սովորում իմ գործը։

— «Ուրիշի խրատը լսիր, և իմացածդ էլ քեզ պահի՛ր», — ասել են մեր պապերը,— պատասխանեց Սարհատը ծիծաղելով։— Հիմա գնացե՛ք։ Տեր ընդ ձեզ։

Քարավանը սկսեց շարժվել դեպի Սալմաստա կողմը ազատված մարդու բոլոր արագությամբ, որ դեռ նոր փախչում էր վտանգից։ Գիշերային լռության մեջ լսելի էին լինում ջերմ օրհնություններ այն բազմաթիվ թշվառների բերաններից, որոնք արտասվալի աչքերով մերձենում էին դեպի իրանց ազատիչները…։

―――――――――――――――――――――――

Մի քանի օրից հետո ամբողջ Աղբակա գավառում տարածվել էր մի այսպիսի լուր, թե Հարտոշիները բերելիս են եղել ահագին ավար և գերիների մեծ բազմություն Շատախի կողմերից, և թե Ռավանդները վրա են թափվել և Սախկալ-Թութանի կիրճում խլել են Հարտոշիներից թե՛ ավարը և թե՛ գերիները, բայց ո՛ւր են տարել, հայտնի չէ. Սարհատի և նրա խումբի մասին ոչինչ չէր խոսվում…։ Քրդերի մեջ միմյանցից ավար և գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ ոքին չզարմացրեց հիշյալ լուրը, և հայերի վրա կասկածել անգամ չէին կարող, որովհետև հային անընդունակ էին համարում այդ գործին։ Իսկ Սարհատի խումբը իրան ձևացրել էր Ռավանդների կերպարանքով, որ Հարտոշիների հետ ցեղական թշնամություն ունեին։