Էջ:Ջալալեդդին43.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամբողջ տասն և վեց դար, պատերազմելով բնության խստությունների և բարբարոս ձեռքերի դեմ, այդ վանքը կանգնած էր, որպես մի հսկայական հիշատակարան կրոնասեր հայի նախկին ճարտարապետության։ Նա վկա է եղել բազմաթիվ եղեռնական անցքերի․ նա տեսել էր կրակապաշտ պարսիկների, արաբների և մոնղոլների բոլոր անգթությունները։ Նա իր հոյակապ կողքերի վրա կրում էր բազմաթիվ հիշատակարաններ, թե քանի՜-քանի՜ անգամ կործանված է եղել, և կրկին հայկական ջերմեռանդությունը նորոգել է նրան։

Այդ վանքը բավական ամուր դիրք ունի, նա կառուցված է մի բլուրի բարձրավանդակի վրա, որի գագաթը արհեստական բանվածքով ավելի ևս բարձրանալով, նրա վրա դրած է վանքի հիմնարկությունը։ Բլուրի երեք կողմից շրջապատում է ահագին խորությամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որ սովորաբար կոչվում է «Վանքի գետ»։ Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թևքի հետ, որի վրա դրած է մի հայոց գյուղ, որը վանքի սեփականությունը լինելով, կոչվում է «Վանքի գյուղ» և նա հարյուր քայլ հազիվ հեռու կլինի վանքից։

Վանքը պատած է պարիսպներով և աշտարակներով, նա ունի իր մեջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանության համար և շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսության մշակների և անասունների համար։ Երբ որ Ջալալեդդինի արշավանքի ձայնը հասավ այս կողմերը, վանքի օթևանները լիքն էին Աղբա֊կա բնակիչներով, իսկ նրանց թանկագին հարստությունները պահված էին տաճարի գաղտնի պահարաններում։ Եվ «Վանքի գյուղում» հավաքել էին նրանց անասունները։

«Վանքի գետը», որ հոսում էր ձորի միջով, իր եզերքում թողնում էր բավական ընդարձակ և հարթ տարածություն, որ պատած էր խոտով, և ներկայացնում էր մի կանաչազարդ հովիտ, որ գարնան սկզբում վառվում էր դեղնագույն ծաղիկներով։ Այս մարգագետինների վրա արածում էին վանքին պատկանող ձիաների երամակները։

Մի առավոտ սարսափելով նկատեցին, որ հիշյալ հովտի վրա, գետի ափերի մոտ, կազմված էին բազմաթիվ վրաններ։ Քրդերի խաշնարածները իրավունք չունեին վանքի մոտ, նրա կալվածների վրա զետեղել իրանց չադրները, ուրեմն դրանք լինելու էին այն ինքնակոչ հյուրերը, որոնց սոսկալի երկյուղով սպասում էին վանականները։