Էջ:Ջալալեդդին48.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տաճարի մի կողմում կապած էին ձիաներ, որ խոտ էին ուտում, իսկ մյուս կողմում նստած էին մի խումբ քրդեր։ Մեջտեղում վառվում էր մի ահագին խարույկ։ Տաճարի մեջ գտնված փայտեղենները — աթոռները, գրակալները, դռները — հետզհետե ջարդում էին և ձգում խարույկի վրա, բոցերը սաստկացնելու համար։ Կրակի մեջ դրած էին մի քանի շամփուրներ և պղնձե թասեր, որոնք այն աստիճան շիկացել էին, որ հազիվ որոշվում էին կարմրած ածուխներից։

Կրակից ոչ այնքան հեռու, թևքերը և ոտները չվաններով կապկապած մերկ սալահատակի վրա, ընկած էին մի քանի մարդիկ, և սարսափելի խռովության մեջ սպասում էին մի դառն ճգնաժամի։ Եթե մի մարդ կցանկանար տեսնել գեհենի դատապարտյալների հուսահատական երեսները,— այդ թշվառների դեմքը նույն օրինակն էր կրում։

Նրանցից փոքր ինչ հեռու, խառնիխուռն կերպով, դիզված էին զանազան իրեղեններ, որ կացուցանում էին վանքի անոթեղենները և նրա նվիրական կարասիքը։

Քրղերից մեկը վեր կացավ և մոտեցավ կապվածներին այս խոսքերով.

— Ասացե՛ք անհավատներ, էլ ի՞նչ ունեք թաքցրած, ասացեք, մի պահեք, թե չեք ուզում շան նման սատկել։ Տեսնում եք այն կարմրած շամփուրները.— ձեզ համար են պատրաստված։

— Աղա, քո ոտներին մատաղ լինե՜նք,— պատասխանեցին կապվածները ողորմելի ձայնով.— հենց էն էր, ինչ որ կար. էլ ուրիշ ոչինչ չէ մնացել․ եթե մի բան պահած լինենք, թո՛ղ աստված մեր աչքերը քոռացնե, թո՛ղ մեր հոգին դժոխքի բաժին լինի։

— Սո՛ւտ եք ասում, անիծված շներ,— գոռաց քուրդը,— այդ վանքում մի թագավորի հարստություն կար․ ի՞նչ եղավ։

— Աղա, քո ոտների հողը դառնանք, խղճա մեզ, մի՛ սպանիր… Թո՛ղ աստված մեզ փչացնե, եթե մեր լեզվից սուտ խոսք դուրս գա։֊― Այս էր, ինչ որ մնացել էր. բոլորը տարան, ոչինչ չթողեցին…։ Դուք լավ գիտեք, այս մի քանի օրում այս վանքը քանի՜ քանի՜ անգամ կողոպտվեցավ… ծով լիներ կցամաքեր, սար լիներ, կհալվեր…։

Խոսող քուրդը, որ իր խմբի գլխավորն էր երևում, դարձավ դեպի ընկերներից մեկը.