Էջ:Ջալալեդդին51.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և արձակելով քահանայի ու նրա կիսակենդան ընկերների կապանքները, ասեցին նրանց.

— Դեռ բավական գիշեր կա. մինչև արևի ծագելը դուք կարող եք մոտենալ Պարսկաստանի սահմանին. այնտեղ ապահով կլինեք։ Այստեղ կան պատրաստի ձիաներ. բարձեցե՛ք, ինչ որ հավաքված է այստեղ, որ պետք է քրդերը տանեին. և դուք նստեցեք նրանց ձիաները, շուտով ճանապարհ ընկե՛ք։

— Իմ ընկերների մեջ կյանք չէ մնացել,— ասաց քահանան։

— Մեզանից երկուսը ձեզ հետ կգան,— պատասխանեցին անծանոթները։

Քահանան խոնարհվեցավ և կամենում էր գրկել նրանց ոտքերը։

— Այդ հարկավոր չէ,— ասաց նրանցից մեկը,— պատրաստվեցեք շուտ հեռանալու այստեղից։

— Ես չպետք է գիտենամ, ո՞վ է ազատում մեզ,— հարցրեց քահանան։

— Ո՛չ, դու չպետք է գիտենաս,— ասացին նրան։

— Եվ ձեր ինչ ազգից լինե՞լը։

— Այս էլ պետք չէ գիտենալ։

Մի քանի րոպեի մեջ անծանոթները պատրաստեցին քրդերի ձիաները, որ կապած էին տաճարի մեջ և այնտեղ դիզված իրեղենները լցնելով խուրջինների մեջ, կապեցին նրանց վրա։ Հետո կարմրած շամփուրներից վիրավորված թշվառներին նստացրին բեռների վրա և ճանապարհ դրին։

Քահանան դեռ իր ձին չհեծած, կրկին անգամ մոտեցավ անծանոթներին և ասաց.

— Գոնե թույլ տվեք, օրհնեմ ձեզ։

— Այդ ևս հարկավոր չէ,— ասաց նրանցից մեկը.— միայն դուլ պատասխանիր, ինչ որ կհարցնեմ քեզ։

— Հարցրե՛ք։

— Այս վանքի գյուղումը ոչ ոք չէ մնացել։

— Մի հոգի էլ չկա։

— Ի՞նչ եղան։

— Մի մասը գաղթեց դեպի Պարսկաստան, մի մասը կոտորեցին, մի մասն էլ գերի տարան։

— Դու ճանաչո՞ւմ էիր այս գյուղում ռես Հ… անունով մեկին, որ տանուտեր էր։