Էջ:Ջալալեդդին55.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կպատրաստեն մեզ մարդ շինել՝ մարդկային բոլոր կատարելություններով»։

Այսպես էր խոսում այն մարդը, որին կոչում էին «գրքից խելագարված», որին գրքերը հիմարության և տգիտության մեջ էին ձգել,— իսկ այժմ զգաստացել էր։

Այս բոլորը լսում էր Սարհատը, տխո՜ւր համակրությամբ էր լսում նա, և այս խոսքերը, կարծես, առժամանակ մի նրան մոռանալ տվին իր ցավը, որ այնպես սաստիկ տանջում էր նրան։ Եվ նա թողեց այն նազելի անհատը, որի համար միայն մտածում էր, և սկսեց ընդհանուրի վրա խորհել։ Սիրուհու մասնավոր սերը կորավ անբաղտ և օգնության կարոտ ժողովրդի սիրո մեջ, որի դստերքը ու կանայք նույնպես գերության մեջ էին գտնվում։ Եվ այս պատճառով նա խիստ սառնությամբ ընդունեց Մըստոյի խոսքե՛րը, որ նա մոտենալով նրան, լռությամբ ասաց.

— Թո՛ղ իմ տերը չտանջե իր սիրտը. Մըստոն շան հոտառություն ունի, եթե ծովի խորքումն լինի «նա» կգտնե նրան, և եթե երկինքը բարձրացած լինի, ցած կբերե։

Սարհատը ոչինչ չպատասխանեց և տեսնել անգամ չկարողացավ, որ իր հավատարիմ ծառան աննկատելի կերպով անհետացավ վանքից…։


Ծ

Հուլիս ամիսը վերջանալու մոտ էր։ Դժբաղտ Բայազեդը քրդերից, բաշիբոզուկներից պաշարվելով, քանդվելով, կողոպտվելով, և իր թշվառ բնակիչները սրի բերնում ու գերության մեջ կորցնելուց հետո,— կրկին ռուսաց ձեռքն էր անցել։ Սուլեյման– փաշան հետ էր մղվել։ Ջալալեդդինի հրոսակը ցրված էր, և հարուստ ավարով ամեն մարգդ իր տեղը դառնալու վրա էր։ Հին Բագրևանդի ամբողջ գավառը և պատմական Վաղարշակերտը բոլորովին դատարկացել էին իրանց հայ բնակիչներից։ Ալաշկերտցի գաղթականները Երևանի նահանգում մուրացկանություն էին անում և նրանց թողած ավերակները դեռ ծխում էին մոխիրի միջից․․․։