Էջ:Ջալալեդդին59.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա այժմ շեյխի մերձավոր սպասավորներից մեկն է, որ նրա համար չիբուխ է լցնում։ Այդ մարդը Մըստոյին տարավ իր մոտ, և որպես իր կրոնակցին ու հայրենակցին, սկսեց հյուրասիրել։ Մըստոն կարող էր նրան հավատալ, որպես իր վաղեմի բարեկամին, և խնդրեց ցույց տալ իրան գերիները, և նրանց մեջ գտավ Ասլիին։ Հետո նրան հայտնեց իր խորհուրդը, ասելով, թե եկել է գողանալու այն աղջկան, թե այն աղջիկը իր տիրոջ նշանածն է, որին շատ սիրում է։ Մըստոյի հայրենակիցը խոստացավ ինքը ծածուկ դուրս բերել աղջկան բանակից և հանձնել ում որ կասի նա։

Սարհատը խորին ապշությամբ լսում էր այս պատմությունը, դժվարությամբ հավատալով իր ականջներին։ Նա հարցրուց.

— Դու հավատո՞ւմ ես, որ քո հայրենակիցը կկատարե իր խոստումը։

— Եզիդին շուտ չէ խոստանում, բայց երբ խոսք տվեց, կատարում է իր խոսքը,— պատասխանեց Մըստոն մի առանձին հպարտությամբ։

Հետո նա ավելացրուց, թե մի գաղտնիք, որ իրան առաջուց հայտնի էր այն մարդու վերաբերությամբ, ավելի առիթ է տալիս հավատալ նրա խոստմունքին։ Այդ մարդու եղբորը,— ասաց Մըստոն,— մի քանի տարի առաջ սպանել տվեց շեյխը. հիմա նա մտել է շեյխի մոտ որպես սպասավոր, որ կարողանա իր եղբոր վրեժը առնել։ Շեյխը չէ ճանաչում, թե նա սպանվածի եղբայրն է կամ կրոնով եզիդի է։

— Այսպիսի մարդուն հավատալու է,— համոզվեցավ վերջապես Սարհատը։— Բայց նա ինչպե՞ս կարող է նրան դուրս բերել բանակից։

— Նա կհագցնի Ասլիին տղամարղի շորեր, և Ասլին ինքը դուրս կգա բանակից։— Մըստոն քիչ խելք չունի, ամեն բան կարգադրել է, ինչ որ պետք է։ Մենք այս գիշեր պետք է պատրաստ լինենք բանակից փոքր ինչ հեռու մի ձորի մեջ, այնտեղ մի հին տանձենի կա, նրա մոտ։ Ասլին կգա այնտեղ և մեզ կգտնի։

— Գերիների թիվը շա՞տ է,— հարցրեց Սարհատը մի փոքր մտածելուց հետո։

— Հարյուրի չափ կնիկներ ու աղջիկներ ինքը շեյխը ընտրել է իր համար, մի քանի վրաններ լիքն են, որ կազմված են իր վրանի մոտ։

— Մյուս քրդերը նույնպես ունեն։