Էջ:Ջալալեդդին61.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վրանների մեջ ճրագներ չէին երևում, ամբողջ բանակը լուսավորված էր խարույկների լույսով։ Բայց մի վրանում միայն ճրագներ կային. դա Ջալալեդդինի փառավոր վրանն էր։

Բանակից հեռու, մի նեղ ձորի մեջ, որ գոգավորվելով բաժանվում էր Ղանլի–Դարայից, թմբուկի ձայն էր լսվում, և քրդի զուռնան հնչում էր «ջանիմանի» եղանակով։ Նույն ժամուն մի խումբ ձիավորներ անցնում էին այն կողմից, որտեղից լսելի էր լինում վայրենի նվագածությունը։

— Այստեղ մի բան կա,— ասաց նրանցից մեկը հազիվ լսելի ձայնով։

— Ես էլ այսպես եմ կարծում,— պատասխանեց մի ուրիշը։

— Գնանք, տեսնենք։

— Գնանք։

Ձիավորները դարձրին իրանց ձիերի գլուխները դեպի այն կողմը։ Նեղ շավիղը, որ տանում էր այն կողմր, տեղ–տեղ կորչում էր մացառների և մինը մյուսի հետ հյուսված պատատուկ թփերի մեջ։ Ձիով անհնար էր անցնել։ Նրանք ցած իջան ձիերից, տվեցին մեկին պահելու, և մյուսները առաջ գնացին։ Մի քանի րոպեից հետո նրանք գտնվում էին մի փոքրիկ բլուրի գագաթի վրա, որտեղից բացվեցավ նրանց առջև մի այսպիսի տեսարան.—

Մի սարսափելի պարահանդես էր այդ, որի նմանը երբեք Դիոնիսիոսը չէ երևակայել իր բաքոսական բոլոր անբարոյականությամբ։ Մի կողմում թմբուկները և զուռնաները ածում էին, մի կողմում պար էին բռնել այն ձևով, որ մեզանում կոչվում է հալլի, իսկ քրդերը կոչում են գուանդ։ Պարում էին կանայք։ Նրանք բազմաթիվ էին, և մինը մյուսի ձեռքից բռնած, կազմել էին մի երկայն շարք, որ շղթայի նման պտտվելով, ձևացնում էին մի մեծ բոլորակ։ Բոլորակի մեջտեղում ցցած էին երկայն ձողեր, որոնց գլուխների վրա վառվում էին ջահեր։ Նավթի մեջ թաթախած ցնցոտիքը բոցավառվում էին և իրանց ծիրանի շառավիղներով լուսավորում էին պարող կանանց գունաթափված երեսները։ Ջահերի մոտ, բոլորակի միջնավայրում, նստած էին տղամարզիկ և դժոխային ոգևորությամբ նայում էին կանանց մերկ շղթայակապի վրա, որ անդադար շրջում էր նրանց շուրջը։

Երևում էր, որ այդ ողորմելի արարածները ակամա և ստիպմամբ հանձն էին առել այդ խայտառակ պարահանդեսը։ Ամոթը, անպատվությունը նրանց այն աստիճան մոլեգնության մեջ էին