Էջ:Ջալալեդդին62.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձգել, որ իրանց կատաղությունը խելագարության էր հասնում։ Նրանց աչքերում վառվում էին բարկության բոցեր, շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ և գունաթափ երեսների վրա երևում էին սոսկալի ցնցումներ։ Շատերը նրանցից այնքան թուլասիրտ էին, որ չէին դիմանում անտանելի ցավին, և ուշաթափ լինելով, ցած էին գլորվում։— Իսկ այդ բոլորը, որ մարդկային խղճի վրա կարող էր ազդել գութ, որ կարող էր ամեն մի սիրտ, որքան և քարացած լիներ նա, մեղմացնել և լցնել նրան առաքինական զգացմունքներով դեպի տկար և գեղեցիկ սեռը,— ընդհակառակն, ավելի բորբոքում էր գերիչների վայրենի կրքերը և ավելի գրգռում էր նրանց անասնական ոգևորությունը։

Պարը շարունակվում էր իր բոլոր դժոխային խաղարկությամբ։ Մերկ կանանց շարքը անդադար պտտվում էր թմբուկների եղանակով։ Տղամարդիկ նրանց բոլորակի միջնավայրում նստոտած, երգում էին, ծափահարում էին, գոռում էին և գոչում էին, և հերոսներից ամեն մեկը երբեմն իր թաշկինակը ձգում էր հավանած կնոջ վրա, և իսկույն սրտերի հակառակ մի զույգը — մի հրեշտակ և մի դև — առանձնանում էր մերձակա թփերի մեջ։

Մարդկային անգթությունների մեջ չկա մի ավելի սարսափելի բան, քան թե այն, երբ անմեղ ողջախոհությունը զոհվում է կատաղի բռնաբարության։ Այսպիսի անգթության մեջ ընդունակ է մարդը միայն, բայց գազանները և անասունները ավելի բարոյական են իրանց էգերի վերաբերությամբ։

Մինչ գիշերային մթության մեջ, ջահերի լուսավորության հանդեպ կատարվում էին այդ անամոթ զվարճությունները, բլուրի գագաթից անհայտ մարդերի մի խումբ խորին զզվանքով դիտում էր բոլորը։ Ընթերցողը արդեն գուշակեց, թե ովքեր էին դրանք։

— Պետք է վրա տալ,— ասաց Սարհատը։

— Շատ են անիծածները,— ասաց Դալի-Բաբան։

— Միևնույն է, եթե մեզ պետք էր մի օր մեռնել, լավ է, որ այստեղ լիներ,— պատասխանեց Սարհատը։

— Բայց դու կկորցնես Ասլիին, որի համար եկել ես,— ասաց Դալի-Բաբան։

— Այս կնիկներից ամեն մեկը նույնքան մեր ցավակցության արժանի է, որքան Ասլին,— պատասխանեց Սարհատը։

Ազնիվ երիտասարդը մոռացավ իր անձնական սերը, նրան գրավում էր այժմ կնիկների վիրավորված և անարգված պատիվը։