Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1862

ԱՂԱՍՈՒ ՄՈՐ ԵՐԳԸ

Նվեր Խաչատուր Աբովյանի անմահ հիշատակին



   Զարթի՛ր, մանուկ իմ նազելի, բա՛ց այդ պայծառ աչերը,
Թերթերունքեդ քունը թոթվե՛, գիրկը հանգի՛ր քու մորը.
Բա՛վ քեզ որքան բարի հրեշտակը հեքիաթ ասին երազում,
Այժմ արի՛ քեզ այն պատմեմ, ինչ պիտ տեսնես աշխարհում։

         5 Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
         Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
         Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
         Կյանք ու արևն է տեսնում։

   Դուն կըմեծնաս, բոյ կը քաշես,— չինար բոյիդ ես ղուրբան,–
10 Քեզ ուժ կուտան Մասսի քաջքը, որ դու լինիս քաջ Վարդան.
Իմ մատներով մի ոսկեթել մեջքիդ գոտի եմ կարել,
Գոտիիցըդ թուր կը կապեմ, այն էլ ինքս եմ սըրել։

         Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
         Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
         15 Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
         Կյանք ու արևն է տեսնում։

   Մեր բակումը ձի է կայնած՝ քեզ է մընում անհամբեր,
Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես, ա՛ռ քու թուրը մահաբեր.
Քու Հայ ազգը հեծեծում է, ձեռքը, ոտքը շըղթայած,
20 Քու եղբարքը գերության մեջ... քա՛ջ, միայն դո՞ւ ես քընած...