Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՌՈՒՍ ՍՈՑԻԱԼ ՅԵՂԱՓՕԽԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ընկերնե՛ր,

Թագակիր գլուխները սիրով խորհրդակցում՝ են իրար հետ ժողովուրդի քաղաքական կապանքները պրկելու համար։ Դրամատէրերը և հողատէրերը մշտական յարաբերութեան մէջ են աշխատաւոր ժողովուրդի տնտեսական շղթաները զօրացնելու համար: Բռնութիւնը և շահագործութիւնը համատարած երևոյթներ են և աշխարհի չորս կողմից կարմիր ձեռքերն ու քարացած սրտերը աջակցում են իրար՝ մի անարդար և կործանիչ գործի համար:

Պէտք է որ բոլոր իրաւազուրկներն և քաղաքակրթութեան բեռը կրողները նոյնպէս մօտենան իրար, յարաբերութեան մէջ մտնեն, խորհրդակցեն աշխարհի երեսից սրբելու համար անարդարութիհնը և ստեղծելու համար ազատութեան, հաւասարութեան և լոյսի երկրաւոր թագաւորութիւնը: Աշխարհի բոլոր տառապողները պէտը է իրար ճանաչեն և աջակցեն։

Ահա թէ ինչո՛ւ, երբ ինձ դիմեցին գալ և ձեր առջև պարզել մեր ծրագիրը՝ ես ուրախութեամբ յանձն առի: Դուք կը տեսնէք, որ աշխատաւոր մարդկութեան շահերը և վիճակը ամէն տեղ նման են իրար: Մէ՛կ է ցաւը, մէ՛կ է և դարմանը: Փոխադարձաբար ճանաչե՛նք իրար և միասին դիմագրաւենք չարիքին: Կործանիչ ուժերի դէմ հանենք աշխատանքի շինարար և կենդանի ոյժը: