Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իրեք քսան ու տասըն խալըն էրեսիդ բոլորքըն շար ա,
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն յոթանասուն բառ բացարած»։


Առաջին երեք թվերը մենք հասկանում ենք ոչ թե 70 խալ, որ անհնարին և անճաշակ բան Է, այլ ԳԻԺ—գժվեցնոդ խալեր (Գ—3, Ի—20 և ժ—10), այնպես, ինչպես Սայաթ-Նովայի լեզվի բազմաթիվ (յոթանասուն) բառերը, որոնք նույնպես խենթացնող են իրենց գեղեցկությամբ:


2-րդ տան բ. տողը («մըտնում Է յարսուն կարմունջըն՝ չասիս, թե մեդիդ Է, զալում») անհասկանալի Է. բայց, անշուշտ, աննպատակ չի գրված։ Սովորաբար երեսուն թիվը հաճախ Է գործածում Սայաթ-Նովան։ Առանձին անհատներ, երբեմն իրենց սիրած, միայն իրենց հատուկ թիվն են ունենում շատի, բազմաթիվի գաղափարն արտահայտելու համար։ Այդպիսի մի «սեփական» թիվ չէ՞ և այս յարսուն, յարասունները: № 22 (Խ) խաղում, գրված 1754 թ., ասում Է— «իղրարեմետ շուտ անցկացար, ո՞ւր Է յարասուն տարին»։ Այս բոլորը, սակայն, ավելի շուտ մեզ տանում են դեպի այն ենթադրությունը, որ այդ «յարսունները» կապ չունեն տարիքի հետ, այլ կարծես նրա սիրածը մի զրույցի մեջ ասել Է, թե 30 տարի Էլ անցնի, անդավաճան կսիրի, բայց շատ չանցած, դրժում է այդ իղբարը։ Այստեղ ևս այդ «յարսուն կարմունջներն» արդյոք չե՞ն արտահայտում այդ երեսուն տարիները։


Այս խաղում, որի բնագիրն այլևս չկա, կրկնված էր հանգավոր ջազա (արաբ. պատիժ) բառը (2-րդ և 12-րդ տողերում), որը հավանաբար գրչի սխալ է։ 2-րդ տողի ջազա-ն պետք է լիներ ազա (արաբ. էզա — տանջանք)։ ...«տեսնողհն՝ ազա իս, ազիզ — պատիժ ես, սիրելիս։ Մենք այս փոքրիկ թերությունը վերացրինք սույն հրատարակության մեջ, 4-րդ տան վերջին տողը՝ «Դուն ինձնից շուտով մի թըռչի՝ շավարդան—բազա իս, աղի՛զ». ենթադրում ենք, որ մաշված թերթ է եղել և այդ պատճառով հնարավոր է, որ ճիշտ չէ վերծանել Գ. Ախվերդյանը, որովհետև նախորդ տողում ասում է — «Թուղ վըրետ լալով պտուտ գամ՝ վարթի կարոտ բլբուլի պես». ուստի չէր կարող յարը, որ հանդես է գալիս որսի բազեի դերում—թռչի փախչի բլբուլից, որովհետև հակառակը պետք է լիներ։ Այս խաղը, բացի երրորդ տնից, կա Լենինգրադի ձեռագրում, որտեղ հիշած տողը հետևյալ ձևով է.


«Դուն ինձ շուտով մի փախցընի» և այլն։


Հավանաբար հեղինակի ձեռագրում եղել է.


«Դուն ինձ շուտով մի թըռցընի», որը և ընդունեցինք այս հրատակության մեջ։


4-րդ տան առաջին տողի պակասող բառերի տեղ (էն .... բուլի պես) Լենինգրադի ձեռագրում գրված է «փարշևանգի բմբուլի պես», որով և լրացրինք պակասավոր տողը. (գուցե հեղինակի ձեռագրում եղել է «էն թովուզի բմբուլի պես»)։