Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարտեզն ամբողջովին փոխված էր, այնտեղ բարձրացած էր արհեստական մի լիճ, ջրով լցված: Լճի չորս կողմը գույնզգույն ծաղիկների մի շարք էր բոլորած, ապա սպիտակ քարե մի ուղի, էլի մի շարք ծաղիկներ: Լճի վրա կանգնած էր մի բաց նավ, որի առաջակողմը իմ կողմն էր դարձված: Նավը կառուցված էր Հոմերուկան ոճով, կարծես սպասում էր Պոսիդոնին: Նավի վրա բյուրավոր գույներով ծաղիկների թաղարներ էին դրված, շրջապատված պալմայի թփերով, հատակին փռված էր մի արևելյան մեծ գորգ կարմիր ֆոնով և խոշոր ֆիգուրաներով: Ամբողջ լիճը եզերված էր հազարավոր լույսերով: Ես նայում էի հունիսի սկզբների պարզ և կապույտ երկնքին, որտեղից աստղերը նայում էին հիվանդագին աչքերի նման: Լամպերը լուսավորում էին ծաղիկները և ընդհանուր կանաչությունը, որոնք ավելի հրավառ, ավելի թարմ էին երևում, քան արևի շողերի տակ:

Հյուրերը գալիս էին ավտոմոբիլներով մինչև լճի ստորոտը: Հյուրերը բարձրանում էին սպիտակ քարե սանդուղքներից: Նախքան բարձրանալը՝ նրանք հանում էին իրենց գարնանային թեթև վերարկուները: Կանայք գրեթե կիսամերկ էին, իսկ տղամարդիկ բոլորն էլ ֆրակներով: Սանդուղքների վերևում՝ հյուրերը հանդիպում էին լեյդի Հարրիսոնին, բարևում, խոսում, ծիծաղում և փայտից շինված նեղ կամրջով անցնում դեպի նավը: Ուժեղ լույսի տակ փայլփլում էին հյուրերի ադամանդյա մատանիները, մանյակները և գույնզգույն գոհարներով ծանրաբեռնված սանտրերը: Ոմանք ընկղմվում էին նավի անկյուններում, ծաղիկների բարձր թաղարների ետև դրված թավշյա բազկաթոռների մեջ, ոմանք քայլում էին, հռհռում, խոսում, ծիծաղում: Քիչ անց` եկան և նվագողները: Սկսվեց նվագ, ապա` պար: Չէր երևում մր. Հարրիսոնը: Հանկարծ Հելենան կանչեց.

— Հըլո՜ ...

— Հըլո՜ ...

— Արդեն գործս վերջացրի, երիտասարդ լեյդին հագնված է և շուտով դուրս կգա:

— Ո՞ւր է մր. Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնը:

— Ծերունին սպասում է, որ երիտասարդ լեյդիից հետո