Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրգիան, որ տեղի էր ունեցել Նոր Աշխարհում Հին աշխարհի ձևով։

Առավոտյան նավը կանգ առավ Մեյնի ափերին։ Իզաբելլան դուրս եկավ նավից մր․ Շրայտերի հետ՝ տրորված, նման ծաղիկներին, որ կործանված էին և թափված հատակին։ Իզաբելլայի աչքերի վրա պղտորության մի քող էր իջել, միայն հանդարտորեն փակվում և բացվում էին պալմայի տերևների նման մուգ, երկար ու սուր նրա թարթիչները:

Իզաբելլան շարունակեց պարել՝ համաձայն դը–Վալերայի կնքած պայմանագրի։ Մր․ Շրայտերը մոռացավ Իզաբելլային, դոլլարները նոր զգայություններ պարտադրեցին նրան։ Դը-Վալերան ծանոթացրեց սպանացի պարուհուն նորանոր փոքր և մեծ Շրայտերների հետ։

Թափվեցին Անդալուզիայի գեղջկուհու աչքերի աստղերը հատիկ–հատիկ։ Իզաբելլան սկսեց ապրել իր վազահաս տերևաթափը՝ ողբագին և աղեկտուր։ Նրա ճակատից դեղին տերևներ ընկան։ Նրա մարմինը կորցրեց իր ճկունությունն ու սլացիկությունը, սրունքները կապարացան, նրա արևածագի վառը չհուզեց հասարակությանը։ Միայն մի քանի բարի ձեռքեր ծափահարեցին ի հիշատակ հին, վաղեմի պարուհու։

Տարիներ անցան։

Իզաբելլա Սերրանոն մնաց մենակ և տխուր։

Նրա թերթերունքները փակվում էին աչքերի վրա՝ ինչպես կափարիչն է փակվում մանկամարդ աղջկա դաղադի վրա։

Մի օր նա նստել էր իր սենյակի անկյունում, հայելին ձեռքը դիտում էր իր ավերված դեմքը, երբ մի այցետոմս ստացավ։ Նրա աչքերը վայրկենաբար վառվեցին։

–Ներս, ներս հրավիրիր իմ վաղեմի բարեկամին,– ասաց իր աղախնին։

Ֆրանսիացի բանաստեղծն էր։