Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՍ

Երբ նա մտավ մեր վաճառատունը՝ ինձ թվաց, որ թշվառությունն ինքն է մարմնացել այդ մարդու մեջ, ինձ թվաց, որ ապրում է նա իբրև թշվառության պատկեր։

Դիվային կմախքով և Ամերիկայում չտեսնված ցնցոտիներով նա կանգնեց պատից կախ արած մի մետաքսյա Շիրազի գորգի առաջ և նայվածքը հառեց իմ վրա, մոտեցա նրան, բարևեցի, դողում էր։

— Աղաչում եմ,— սկսեց նա հայերեն լեզվով,- տեղավորեցեք ինձ մի հիվանդանոցում, գեթ փողոցում չմեռնեմ։ Ես չկարողացա անմիջապես պատասխանել և՝ որպեսզի մի բան խոսած լինեմ՝ հարցրի.

— Ո՞րտեղացի եք....– բայց զգացի, որ հարկ չկար մեռնող մարդուն այդպիսի հարց տալ. իսկույն ուզեցի փոխել խոսակցությունը, բայց նա շարունակեց.

— Ես քո հորը լավ եմ ճանաչում, ինչ մարդ էր, ափսո՜ս... դու ինձ չես հիշում, այն ժամանակ փոքր էիր, ես քեզ գրկել և ման եմ ածել, իհարկե չես հիշում, դու հազիվ հինգ տարեկան էիր, երբ ես հեռացա հայրենիքից, լսել եմ, որ hայրդ մեռել է, բայց ինչպե՚ս է մայրիկդ, ինչպե՚ս են եղբայրներդ — Հակոբը, Գևորգը, Լևոնը։ Ինչքա՜ն ես մեծացել։ Մոռացել եմ քո անունը, բայց մյուսների անունը լավ եմ հիշում։

— Ի՞նչ տեսակ հիվանդանոց ես ցանկանում, - հարցրի.

— Հիվանդանոցի տեսակի դեմ չեմ առարկի, միայն ձրի չլինի, փող չունեմ, տեսնում ես։