Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռնել, մտածում էի, իհարկե ցնցոտիներն այնքան էլ գրավիչ չեն ոչ֊փիլիսոփաների համար։

Մի ժամից հասանք «Como» հիվանդանոցը, ներկայացանք գլխավոր բժշկին, որ հեռախոսով արդեն հրահանգ ստացել էր իմ հայրենակցի մասին։ Բժիշկը կարգադրեց, որ հիվանդի շորերը հանեն, լողացնեն և պառկեցնեն մինչև ինքն ի վիճակի կլինի նրան քննության ենթարկելու։

Բժշկի կարգադրությունից հետո դարձա հայրենակցիս և տեսա, որ լռել էր նա իր աչքերը, բյուրեղյա գնդերի նման անշարժ և անարտահայտիչ, չէր էլ դողդողում։

— Բժիշկ, մեռնում է իմ բարեկամս, - ասացի պաղատական տոնով։

Բժիշկը քննեց զարկերակը և քմծիծաղով՝

— Ամեն ինչ նորմալ է, տարե՜ք,- ասաց:

Հայրենակցիս թևից բռնելով՝ հեռացանք գլխավոր բժշկի սենյակից և մտանք հանդերձարանը, ուր պետք էր փոխվեին հիվանդի շորերը։ Հիվանդը դանդաղ և դժգոհ շարժումներով շորերը հանեց, բոլոր ցնցոտիները թողեց հատակի վրա, բայց սև և կեղտոտ ներքնաշապիկը կոլոլեց և պահեց կռան տակ։ Հանդերձաբանապետը մի փայտի վրա առավ ցնցոտիները և նետեց աղբի արկղի մեջ և խնդրեց, որ կռան տակի շապիկն էլ տա։

- Աղաչում եմ, այս շապիկն ինձ մոտ թող մնա, ես ուզում եմ այս շապիկը գրկած մեռնել։

Թարգմանեցի հիվանդի վերջին ցանկությունը։

— Չի կարելի, առնվազն մենք պետք է լվալ տանք և հետո հանձնենք իրեն, կեղտոտ շորերով չի կարելի անկողին մտնել։

Էլի թարգմանեցի։ Հայրենակցիս վճռականորեն պատասխանեց.

— Չե՛մ տա։ Հանդերձարանապետը կանչեց հիվանդանոցի տղամարդ ծառայողներից մեկին, իբրև բիրտ ուժ, և հրամայեց նրան կեղտոտ շապիկն առնել հիվանդի ձեռքից։ Ծառայողը բռնեց նրա թևը, թեթևակի դարձրեց և առավ շապիկը։

Շապիկի վրա մի ծրար էր կարված, որի մեջ գտնվեց