Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Հե՜յ, հե՜յ, ի՜նչ օրեր էին, ի՜նչ մարդ էի,— կը հառաչեր Իսոն։

Իր կինը ձեոքերովը կուտար խմելիքի լեցուն գավաթը, որովհետև բժիշկներ ըսած էին, որ ոգելից ըմպելին չի կտրես, եթե ոչ` ավելի շուտ կը մեռնի։

Ալ Ս. Գրքի և Քրիստոսի մասին չէին խոսեր, որպեսզի հայհոյանքի պատճառ չըլլային, միայն քնացած ատեն աղջիկն ու կինը գաղտնի, լռելյայն Սաղմոս կը կարդային, մեկ քանի անգամ ալ պատվելին կանչեցին և սնարին վերև աղոթք ընել տվին։

Տղան արդեն գործին գլուխն էր. գործին բոլոր «փյուֆեերիները» սորվեցավ, բայց Զաքարին հետ հարաբերությունները լավ չէին։

— Ճըլլոզ է,— կըսեր Իսոն Զաքարին,— կարևորություն մի տար։

— Ի՛նչ կարևորություն պիտի տամ,— կը պատասխաներ Զաքարը։

Ը

Իսրայելի վերջին ժամը հնչեց։ Բոլորը ձեռք քաշեցին։ Իսոն հոգեվարքի մեջ էր, բայց տղան գնաց և նոր բժիշկ մը բերավ։

— Նո հոփ,— հայտարարեց ամերիկացի բժիշկը։

Իսոն կապրեր իր վերջին ժամերը։

Դեմքը զզվելի ձևեր կառներ, բերանը կը բացվեր ու կը գոցվեր, աչքերուն ալ չէր կրնար հրամայել, հառած էր տարածության վրա։

Միայն երբեմն լսելի կ՝ըլլար իր կոկորդի խորութենեն ձայնի մը խուլ և խռպոտ թրթռացումը — Հո՜, հո՜, հո՜...

Կինը մոտեցավ իր հոգեվարող ամուսնուն.

— Իսրայե՛լ, ի՞նչ է, ի՜նչ ունիս, ի՞նչ կ՝ըսես, հորաքույրդ, հորեղբայրդ...

— Հո՜, հո՜, հո՜...

Մոտեցավ իր մեծ աղջիկը և իբր թե հասկցավ.— Հով կ'ուզե: