Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շենքը գետնի տակ անցած չէր չինի։ Հիշում էի տեղը և փողոցը։ Երբ շենքի առաջ կանգնեցի՝ անսահման զայրույթով լցվեցի ինքս ինձ դեմ. չէի կարող ներել ինձ այդքա՜ն հիմարություն, այդքա՜ն ապուշություն։ Ցույց արված շենքը անգլիական Ջոնսոն գործարանն էր պարզապես, որ «առաջնորդը» կլլեցրել էր ինձ իբրև հնչակյան զինական ֆաբրիկա։ Եվ հիմա հոգնած եմ զգում ինձ։ Հոգնություն եմ զգում մինչև անգամ հոգու խորքում։ Դիտում եմ իմ անցյալս և տեսնում եմ չորացած ծառեր, ապառաժ քարեր, համառ և դեղնավուն փոքրիկ թուփեր լայն դաշտերում։

Պիտրը թուխ գարեջրի երկրորդ բաժակը պարպեց՝ ոգելից ըմպելիքի կարոտագին սարսուռով։

Անցել են տարիներ — պատերազմի, արհավիրքի, հեղափոխության և քաղաքացիական կռիվների ահավոր տարիներ։ Երկրագնդի քարտեզը փոխել է իր դեմքը։ Մեռել են միլիոնավոր աշխատավորներ, զոհ են գնացել համաշխարհային իմպերիալիզմին։ Ես մոռացել էի Պիտրին։ Չէի կարծում մինչև անգամ, որ նա ողջ է։

Վեց ամիս առաջ ես Պիտրից ստացա մի նամակ։

Ահա այդ նամակի մի կտորը․

Բոստոն, 20 սեպտ. 1927

Իմ հին բարեկա՜մ,

... Վերջապես չերկարեմ, հիմա բոլորովին տարբեր մարդ եմ․ նորեն մտել եմ հասարակական գործի մեջ այն եռանդով, ինչ եռանդով որ առաջին անգամ Լոնդոնից Ամերիկա եկա և փող էի հավաքում հնչակյան զինական ֆաբրիկայի համար։ ՀՕԿ-ի Բոստոնի մասնաճյուղի անդամ եմ, այժմ գիտեմ, թե հավաքած վազերս ուր են գնում և ի՞նչ նպատակի համար են գործածվում։ Խորհրդային Հայաստանից շարունակ ոգեվորիչ լուրեր եմ առնում։ Այնտեղ տարվող աշխատանքները ինձ նոր կենդանություն են բերում։ Կրկին երիտասարդ եմ զգում ինձ։ Հիմա մենք «Զոնսոնի» վրա հիմնված չենք, այլ Հայաստանի աշխատավորական Խորհրդային Հանրապետության վրա։