Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆՅՈԻ-ՅՈՐՔ

Երեք օր էր, ինչ գիշերում էի Մադիսոն Սկուար պարտեզում։ Դեկտեմբերի սկիզբն էր. կես գիշերից հետո ամպերը պատում էին երկինքը, դանդաղորեն, բայց համառ կերպով իջնում էին ցած և իբրև թեթև մշուշ պաշարում էին երկինք քերող շենքերը, մտնում էին ամեն մի ծակ, գրկում էին բյուրավոր լույսերը, որոնք ամպերի միջից երևում էին ինչպես ծովն ընկած աստղեր։ Սկսում էի ամբողջ մարմնովս դողալ խուլ անշոշափելի խոնավությունից, կամաց, կամաց կծկվում էի, ուզում էի, որ շորերիս ամեն մի մասնիկը դիպչի մարմնիս, հավաքում էի պարտեզի նստարանների վրա մոռացված կամ չքված լրագրերը, ծալում, գնում էի նստարանին և նստում վրան, բայց վիճակի ոչ մի փոփոխություն. որքան ժամերը առաջանում էին, ավելի էի մրսում, մրսում էր մինչև անգամ թևերիս տակը, վերջապես ոտի էի կանգնում, քայլում անորոշ ուղղությամբ, կանգ էի առնում գիշերային ճաշարաններից մեկի առաջ, համարձակ ներս մտնում։ Տաք էր այնտեղ, այնպիսի դուրեկան տաքություն, որի նմանը մարդ միայն զգում է իր մոր գրկում։ Ճաշարանում մի պահ կանգնում էի պատից կախված մենյուի առաջ, աներևակայելի դանդաղկոտությամբ կարդում, որպեսզի ժամանակ անցնի և ավելի տաքանամ ու վերջ ի վերջո «չհավանելով» ոչ մի պատրաստի ճաշ, թողնում, դուրս էի գալիս երկրորդ, երրորդ, չորրորդ և անվերջ ճաշարաններ մտնելով՝ սպանելով ժամանակը՝ մինչև լուսանար։

Նյու-Յորքի բյուրավոր լույսերը շարունակում էին լողալ կապույտ մշուշի մեջ, ավտոմոբիլները արագ թռչում էին,