Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նա ասաց, որ իմ գնորդները ծանոթացնեմ իրեն, նա ինձ կօգնի իմ վաճառքում,— պատասխանեցի։

— Ճիշտ է, ճիշտ է, ծանոթացրեք,— հարեց ծերունին և սկսեց բարձրաձայն ծիծաղել։

Ես ապշած էի։

Մյուս օրն իմ հետաքրքրությունը հագուրդ գտավ։ Իմացա, որ Սարայանը մեզ նման ծաոայող էր Աշըգբաշյանի վաճառատանը, բայց ուրիշ արտառոց ֆունկցիաներով։ Ամեն երեկո նա պարտական էր հյուրասիրել դրսի քաղաքից եկած գնորդներին հանրատներում և այնտեղծրում վերջացնել առևտուրը։ Այն ժամանակ ես հասկացա արդեն, թե ինչու նա միշտ մոտենում էր գնորդներին, շատերին վաղուց ծանոթ էր, հրավիրում էր նրանց ընթրիքի և դրանից հետո մոտենում էր հեռախոսին, պահանջում էր մի համար և ասում․

— Հըլո՜, Անտի՛, այս երեկո միայն երեք հոգի,— և կախում էր ընդունողը։

Աշըգբաշյանը պայմանավորված էր մի քանի հանրատների հետ, որպեսզի Սարայանը հյուրասիրություններ անի, հաշիվները ներկայացնելով վաճառատան։ Սարայանը տանում էր գնորդներին ընթրիքի, նրանք ուտում և խմում էին, ապա կիսահարբում, գնում էին պայմանավորված հանրատներից մեկը, որտեղ մսի, խմիչքի և վավաշոտության անկարգ, արբեցուցիչ մթնոլորտում Սարայանն աջողում էր գորգերի որոշ պարտիայի ծախված լինելու համար գնորդի հետ վերջնական եզրակացության գալ։

Աշըգբաշյանը բացի այն, որ վաճառքի տոկոս էր վճարում ծախողներին, մեծ տոկոս վճարում էր և Սարայանին, բացի նրա ռոճիկից, որովհետև վերջի վերջո Սարայանն էր, որ ապահովում էր վերջնական վաճառքը։ Սարայանը հանրատներ էր տանում իր հետ նաև իր դրսի մտերիմ ընկերներին՝ բացի պաշտոնական գնորդներից։ Նրանք ներկայանում էին այնտեղ իբրև Աշըգբաշյանի վաճառատան գնորդներ ավելի սանձարձակ և ավելի ընտանի, քան իսկական գնորդները։ Աշըգաբաշյանը չէր իմանում, իհարկե, որ մեծ չափով վճարում էր նաև Սարայանի մտերիմների և ոչ թե միայն գնորդների համար։ Եթե իմանար էլ, ոչ մի նկատողություն չէր անի

22 - Վ. Թոթովենց, գիրք 2