Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է սահմանափակեմ տրեստների իրավունքները, շատ ընկերություններից պետք է վերցնեմ ապօրինի մենաշնորհները և վերադարձնեմ ժողովրդին: Այս հանրապետությունը և այս հանրապետության մեծագույն առևտրական և արդյունաբերական քաղաքը պատկանում է, պե՜տք է պատկանի ժողովրդին։

–Ուռա՜ա՜ա՜, ուռա՜ա՜ա՜․․․

Հսկայական ամբոխը ոգևորվում էր և ոռնում, առանց հասկանալու, որ այդ «ժողովուրդ» բառը շատ անորոշ նշանակություն ուներ։ Ծափեր, գլխարկներ նետել, թաշկինակներ թռցնել, օդում պայթում էին հրթիռներ, գույնզգույն, աստղաձև հրթիռներ։ Օրկեստրը նվագում էր հանրապետության հիմնը։

Այս տրեստները և այն կապիտալիստներն ու մագնատները, որոնց դեմ ճառում էր մր․ Գրինը, ուռցնում էին մր․ Գրինի ընտրական կամպանիայի ֆոնդը։

Գեթ մր․ Հիբըն Ֆուլլըրն այդպիսի կեղծավորություն չուներ, նա բացարձակապես ջատագովում էր տրեստային, մենաշնորհային սիտեմը, բայց մր․ Ֆուլլըրի կեղծավորությունը Երևան էր գալիս մաքրակրոնության պաշտպանության ասպարեզում։ Գոռնկանոցի այդ դյուցազնը պաշտպանում էր «ընտանիքի բարոյականը», «հասարակության բարոյականը», եկեղեցին, քրիստոնեական բարոյականը, նա հայտարարում էր, որ քրիստոնյա եկեղեցին պետք է հիմք ծառայի պետական, քաղաքական և սոցիալական կյանքի։

Մի օր, առավոտյան ժամը 10–ին, Գողբաուտ ընկերության առևտրական տան բոլոր ծառայողներին շրջաբերականներ ցրվեցին, որ այդ իսկ երեկոյան, վաճառատան 3–րդ հարկի դահլիճում, մր․ Գողբաուտը մի դատախոսությունն է կարդալու գալիք մեյորի ընտրութոյւնների շուրջը։ Իհարկե շատ պարզ էր, որ մր․ Գողբաուտը մեծ դեր էր կատարում ընտրական պայքարում, բայց գեթ ես երբեք չէի լսել և չէի էլ կարծում, որ նա ճառեր էլ կարող էր արտասանել կամ դասախոսություններ կարդալ ընտրությունների շուրջը։