Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կոտոշը, որ կնիկ մը անհրաժեշտ էր, որովհետև օձիքին վրա ձեթը մատ մը բոներ էր, փիս ու աղտոտ կյանք մը կապրեր և, կը մտածեինք, որ որևէ հայ կնիկ մը պիտի գար այս արարածը ազատելու իր կեղտոտության մեջեն, կեղտոտություն մը, որ իր համար դարձած էր այլևս բնական և սիրելի:

Գիտես, որ Կոտոշը Քոռոփեցի էր և 25 տարեկանին Ամերիկա գաղթած, լսեց, որ Քոռփեցի աղջիկ մը որուն համար համակրություն ունի եզեր՝ ազատեր է և կը գտնվի Մեզրեն: Կոտոշը մեկ քանի օր վեր վար ըրավ, և որոշեց դրամ ղրկել Քոռփեցի ճուվարին, որ այդ աղջիկը առնե և բերե Ամերիկա։ Ժամանակ մը անցնելե հետո ճուվարեն նամակ մը եկավ, որ կիմացներ Իզմիրեն, թե բերած աղջիկը երկու օր հիվանդացեր և մեռեր է Իզմիրի մեջ և ճուվարը կավելցներ. «Կարապե՛տ, օղո՛ւլ, հեչ բան չօգնեց, երկու օրեն ափուչիք եղավ, բայց ասոր համար հե՛չ, հե՛չ, հե՜չ հոգ մի ըներ, այստեղ ուրիշ աղջիկ մը կա, բոյ — բուսաթը տեղը, վարժուհի, նստվածքը, օլրտվածքը տեղը, ամեն բանով հեչ խուսուր չունի: Եթե չես հավտար, ահա թեվսիրը (լուսանկար), աչքդ բաց ու տես»:

Ճուվարի նամակին մեջ ներփակված էր նաև վարժուհիին պատկերը, մի գեղեցկուհի, ձևերը՝ եվրոպական, նայվածքին սլացքը՝ իմացական խորունկ բովանդակություն շեշտող, մազերը առատ և սև:

Ճուվարը կավելցներ, որ տակավին պետք ունի 300 դոլարի։ Կոտոշի արկածը կսկսի այս թվականեն: Գնաց — եկավ, ասոր հարցուց, անոր հարցուց, վերջապես համոզվեցավ, որ արդեն ղրկած 300 դոլարը պարապը երթալու չէ:

— 600 խարճենք տե,— եզրակացուց անիկա, – գոնե քեզ մը ձեռք ձգենք:

Կոտոշը 300 ևս ղրկեց ճուվարին, ճուվարը ճամբա ելավ դեպի Քանադա։

Բ

Ճուվարը Քոռփեի մեջ Չավուշ կը կոչվեր, այնքան զալիմ կնիկ էր, տղամարդուց հետ քյուֆյուրով֊քաֆանով գլուխ կելներ, զանազան միջնորդություններ կըներ, տերտերն անգամ կը խոնարհեր անոր առջև։